15.01.2020 17:52

ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա

ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա

ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային ժողովին ուղղված ուղերձից հետո:

«Նախագահը մատնանշել է Սահմանադրության մեջ մի շարք հիմնարար փոփոխությունների անհրաժեշտությունը: Դրանք վերաբերում են ոչ միայն Սահմանադրության տարբեր հոդվածների փոփոխություններին, այլեւ, ընդհանուր առմամբ՝ իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների հավասարակշռությանը: Այդ համատեքստում ակնհայտ է, որ մենք՝ որպես կառավարություն, պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն տանք դրա համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Եւ այդ պայմաններում, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ կառավարությունը, Սահմանադրության 117 հոդվածին համապատասխան, ներկայիս կազմով հրաժարական ներկայացներ»,- հայտարարել է Մեդվեդեւը:

Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին՝ համատեղ աշխատանքի համար, «թեեւ ամեն ինչ չէ, որ ստացվում էր»: Նա նաեւ նշել է, որ առաջիկայում առանձին-առանձին կհանդիպի կառավարության անդամների հետ, իսկ մինչ այդ խնդրել է նրանց՝ ամբողջ ծավալով կատարել իրենց պարտականությունները:

Փոխանցում է РИА Новости-ն: