16.01.2020 16:05

Քաղաքական օրակարգի սնանկությունը

Քաղաքական օրակարգի սնանկությունը

Հատկապես հետամանորյա շրջանում քաղաքական դաշտում քննարկվում եւ շահարկվում են այնպիսի թեմաներ եւ այնպիսի ոճով, որ երբ փորձում ես վերլուծել այդ թեմաները եւ հասկանալ, թե տակն ինչ կա, պարզվում է՝ տակը բան չկա, ջուր է:

Ընդդիմությունը մեծ հաշվով քաղաքական օրակարգից չի խոսում, չի թելադրում, փոխարենը՝ աղմկում է այսրոպեական սկանդալային թեմաներով, ավելի ու ավելի հեռանալով իրական քաղաքականությունից եւ իջեցնելով քաղաքական բանավեճի նշաձողը: Սակայն, զարմանալին սա չէ, նախկինների պարագայում երեւի նույնիսկ նորմալ է, որովհետեւ իրենց ոչ թե բովանդակություն է պետք, այլ՝ աղմուկ: Զարմանալին այն է, որ իշխանությունները եւս ներքաշվում են այդ քննարկումների մեջ, ստեղծում են բանավեճներ եւ, այդպիսով, փաստացի անընդհատ տաք են պահում քննարկումների իջեցված նշաձողը: Սա զարմանալի է, որովհետեւ նման որակի ու բովանդակության բանավեճերի պարագայում, սովորաբար, ավելի շատ շահում են նախկինները՝ աղմկողները: Իսկ շահում են, որովհետեւ օրվա լրահոսում ստեղծում են աղմուկ, եւ արած կամ անելիք գործերն ինքնաբերաբար մղվում են երկրորդ պլան: Իսկ գործն այն ամենամեծ զենքն է, որ կարող է ունենալ ցանկացած իշխանություն՝ ընդդիմախոսների դեմ պայքարում:

Իշխանություն չունեցող քաղաքական կուսակցությունները կարող են իրենց թույլ տալ ցանկացած բան, բայց ահա իշխանության անելիքներն ավելի հստակ են ու նախանշված, եւ այդ անելիքներն առաջին հերթին պետք է արտահայտվեն աշխատանքի տեսքով: Իշխանությունը պետք է գործ անի եւ ներկայացնի իր արածները: Միայն այս պարագայում հանրությունը կտեսնի իշխանության եւ ընդդիմախոսների միջեւ առկա տարբերությունը, գործ անողների եւ աղմուկ հանողների տարբերությունը եւ, ինքնըստինքյան, կսկսի այլեւս ուշադրություն չդարձնել աղմուկին՝ զրկելով վերջիններիս դիվիդենտներ ստանալու հնարավորությունից:

Բայց երբ նույնիսկ գործ անող իշխանությունը մտնում է աղմուկի, կեղծ օրակարգերի, իջեցված նշաձողով բանավեճերի մեջ, այդպիսի իշխանության արած աշխատանքը կորչում է, որովհետեւ հանրությունը չի կարողանալու հասկանալ, որ քաղաքական ուժը կամ գործիչը կարող է ե՛ւ գործ անել, ե՛ւ ջուր ծեծել: Որովհետեւ տրամաբանող մարդկանց համար դրանք հակոտնյա հասկացություններ են. մարդը հասկանում է, որ աշխատող պաշտոնյան չի կարողանա, ժամանակ չի ունենա ջուր ծեծելու չեղած կամ հնարածին, կամ էլ՝ շրիշակից ցածր թեմաների շուրջ: Եւ հասկանում է, որ եթե պաշտոնյան մտնում է այդ թեմաների մեջ, ուրեմն գործ անելու ժամանակ էլ չի ունենա:

Հետեւաբար, իշխանությունները պետք է զերծ մնան կեղծ օրակարգերի մեջ մտնելուց՝ դարձնելով դրանք թոփ թեմաներ, իրենց ակտիվությամբ չպետք է սնեն անկարեւոր աղմուկները, չիջնեն եւ չիջեցնեն քննարկումների մակարդակը: Այո, գուցե շատ ԶԼՄ-ների ձեռնտու է օրվա լրահոսը լցնել նմանատիպ սենսացիաներով՝ «նախկին պաշտոնյան ֆեյսբուքյան գրառում է արել եւ հայտարարել է սա», այսինչ ներկա պաշտոնյան թվիթերով պատասխանել է նախկին պաշտոնյային, այսինչ փորձագետը մեկնաբանել է նախկին ու ներկա պաշտոնյաների գրառումները:

Բայց ի՞նչ են տալիս հանրությանը կարճ սպառման այս տեղեկությունները: Ոչինչ: Իսկ իշխանությունը պարտավոր է հանրությանը տալ ավելին, քան ոչինչն է:

Պարգեւ Ապրեսյան