17.01.2020 12:22

Սենատում մեկնարկել է իմպիչմենտի գործընթացը

Սենատում մեկնարկել է իմպիչմենտի գործընթացը

Հինգշաբթի օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները Սենատում հրապարակել են մեղադրանքներն ընդդեմ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի:

Այդպիսով, Սենատում մեկնարկել է այն գործընթացը, որի ընթացքում կորոշվի՝ մնալո՞ւ է Թրամփն իշխանության ղեկին, թե՞ կհեռացվի: Առաջին նիստերը կկայանան հաջորդ շաբաթ:

Մինչ այդ ԱՄՆ-ի Կառավարական հաշվետվողականության գրասենյակը եզրակացրել է, որ Թրամփի վարչակազմը խախտել է բյուջետային միջոցների ծախսման կարգի վերաբերյալ օրենքը՝ 2019 թ. օգոստոսին քաղաքական նկատառումներով ուշացնելով Կոնգրեսի կողմից հաստատված ռազմական օգնությունը Ուկրաինային: Թրամփը մեղադրվում է նրանում, որ փորձել է ճնշում գործադրել Ուկրաինայի իշխանությունների վրա, որպեսզի նրանց ստիպի հետաքննություն սկսել 2020 թ. ընտրություններում իր գլխավոր մրցակից Ջո Բայդենի որդու բիզնեսի նկատմամբ, և ռազմական օգնության հարցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու լծակներից մեկն է եղել:

Այս գործընթացում դերակատարներից մեկը ուկրաինական ծագում ունեցող գործարար Լև Պառնասն է, որը Թրամփի անձնական փաստաբանին հանդիպեցրել է ուկրաինացի դատախազների հետ, որոնք խոստացել են կոմպրոմատ տրամադրել Բայդենի դեմ: Անցած չորեքշաբթի Պառնասը մի քանի հարցազրույցներ է տվել, որոնցում պնդել է, որ Թրամփը շատ լավ տեղյակ էր Ուկրաինայի վրա գործադրվող ճնշումների մասին, հետևաբար՝ նա մեղավոր է:

Մինչ այդ Կիևում քրեական գործ է հարուցվել Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչին լրտեսելու գործով, ինչը նույնպես հայտնի է դարձել Պառնասի գրագրություններից:

Թրամփը Յովանովիչին պաշտոնից ազատել էր 2019 թ. ամռանը, հետո էլ խստորեն քննադատել էր նրան:

Փոխանցում է BBC-ն: