17.01.2020 17:26

Միլիարդատերը փորձել է Պիկասոյի կտավը դուրս տանել Իսպանիայից

Միլիարդատերը փորձել է Պիկասոյի կտավը դուրս տանել Իսպանիայից

Մադրիդի դատարանը 83-ամյա միլիարդատեր, նախկին բանկիր Խայմե Բոտինին դատապարտել է 18 ամսվա ազատազրկման և 52,4 մլն եվրո տուգանքի՝ Պաբլո Պիկասոյի «Երիտասարդ կնոջ դիմանակարը» Իսպանիայի սահմաններից դուրս բերելու փորձի համար՝ Լոնդոնի աճուրդում այն վաճառելու նպատակով:

Կտավը 2015 թ. հայտնաբերվել է Բոտինի զբոսանավում, ֆրանսիական Կորսիկայի նավահանգստում:

Բոտինին պատկանող կտավն ավելի վաղ ճանաչվել է Իսպանիայի ազգային հարստություն, ուստի այն չի կարող դուրս բերվել թագավորության տարածքից:

Դատարանը նաև որոշում է կայացրել, որ կտավը պետք է բռնագրավվի և փոխանցվի պետությանը: Միլիարդատերը այս որոշումը կարող է բողոքարկել:

Բոտինը հազիվ թե հայտնվի ճաղերի ետևում, քանի որ Իսպանիայում երկու տարուց պակաս ժամկետ ստացող մեղադրյալները, սովորաբար, այն պայմանական են կրում: Բացի այդ՝ դատարանը հաշվի է առնում մեղադրյալի տարիքը:

Փոխանցում է BBC-ն: