18.01.2020 18:07

Լիզա Ճաղարյան. «Աննախադեպ» կուրություն

Լիզա Ճաղարյան. «Աննախադեպ» կուրություն

«Ընդհանուր մաղձոտ մթնոլորտ է ստեղծված»։ Այս գնահատականի հեղինակը ռոբիկասերժիկականների տարիների կարկառուն «արդարադատ» Հարությունյան Դավիթն է։

Սրանց անիծյալ իշխանության տարիներին արյան գետեր էին հոսում, շենքերի մուտքերի մոտ, քարուղռերում, Ազգային ժողովի նիստերի դահլիճում պետական այրեր էին սպանվում, Երեւանի կենտրոնում խաղաղ ցուցարարներ էին գնդակահարվում, բայց մաղձոտ մթնոլորտն իրոք «ընդհանուր» չէր։ Իշխանության նկատմամբ մաղձոտած կամ անմաղձ ատելությամբ էր լցված հասարակությունը, իսկ իշխանությունն այնքան էր տարված թալանով եւ ամեն գնով, նույնիսկ սպանություններով իր թալանը պահելու մոլուցքով, որ ո՛չ նկատում էր իրենց ուղղված ատելությունը, նկատելու դեպքում էլ՝ ո՛չ էլ անհանգստանում էր, թե ուր կարող է հասցնել իրենց այդ անափ ու մաղձոտ ատելությունը։

Իսկ չէին անհանգստանում, որովհետեւ վստահ էին, որ իրենց պախանի ասած՝ ինչքան ուզեն, էնքան խփելու են։

Սխալվեցին։ Զրկվեցին իշխանությունից։ Երկինքը փլվեց գլխներին։ Տարիներ շարունակ ոճիրներ գործած եւ պետության ողնաշարը կրծած ավազակախումբը սարսափից կապտեց եւ, «լավագույն ելքը հարձակումն» է նշանաբանը վահան դարձրած՝ հարձակվեց նոր իշխանության վրա բոլոր թույլատրելի ու անթույլատրելի մեթոդներով։

Թվում էր՝ արժանի հակահարված կստանան։ Թվում էր՝ կպատժվեն մեկիկ-մեկիկ։ Թվում էր՝ առնվազն Հայաստանի միակ հեռուստաընկերությունը, որ պատկանում է հանրությանը, կլծվի ավազակախմբի հանցավոր գործունեության ամենօրյա լուսաբանմամբ, լրագրողական հետաքննությունն անկաշկանդ վերածնունդ կապրի։

Ի՞նչ ստացավ մաղձն ու ատելությունը թոթափած եւ նոր իշխանության գործունեության նկատմամբ լավատեսությամբ լցված հասարակությունը։

Ստացավ սկսվող եւ դատաքննության փուլ չմտնող քրեական գործեր, ձերբակալվող եւ ազատ արձակվող ամբաստանյալներ, երկիրն ազատորեն լքող կասկածյալներ եւ ավազակախմբի վարձկանների սնկի պես աճող լրատվամիջոցներ, որ «ազատ խոսքի» անվան տակ տարածում են՝ ինչ ուզում են, ոնց ուզում են, սպառնում են՝ ում ուզում են, ոնց ուզում են, եւ չեն խորշում նույնիսկ ժամանակ առ ժամանակ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու մասին սպառնալիքներից։

Հակահարվա՞ծ։ Չկա, գոյություն չունի։ Եվ եթե նույնիսկ լինում է՝ մանկապարտեզի երեխայի ծիծաղելի թոթովանք է հիշեցնում։

Նախկինները պայքարում են անխոնջ կատաղությամբ, նորերը պարծենում են իրենց «աննախադեպությամբ», իսկ հասարակությունն ապշահար մեկ այս կողմն է նայում, մեկ՝ այն, ու լավատեսությունը նահանջում է օրեցօր, ժամ առ ժամ, եւ ուզած-չուզած մտածում է՝ եթե նախկիններին կործանեց բութ եւ ճարպոտած ինքնավստահությունը, որ «ինչքան ուզեն, էնքան կխփեն», ապա նոր իշխանությանը կործանելու է «աննախադեպ» ինքնավստահությունը. «Տեսա՞ք, թե ոնց հեղափոխություն արեցինք, տեսա՞ք, որ ոչ մեկը չկարողացավ, իսկ մենք կարողացանք, տեսա՞ք, որ մենք աննախադեպ ենք»։

Ըհը, տեսանք։

Բայց հասարակությունը շարունակում է մնալ նույն հասարակությունը։ Հասարակությունը հեղափոխությանը մասնակցել է, որ տեսնի իր ապրած քսան տարիների մղձավանջի հեղինակների արդար պատիժը, ոչ թե ամեն օր սարսափով համոզվի, որ սրանց ձայնն օրեցօր ավելի ու ավելի է բարձրանում ու լկտիանում։ Հասարակությունը չի ուզում երկարուձիգ եւ խառնիխուռն ճառեր լսել նորերի «աննախադեպության» մասին։ Հասարակությունն «աննախադեպություն» չի ուզում, հասարակությունն ուզում է մի սովորական ուժեղ իշխանություն, որն ինչպիսի նպատակասլացությամբ հեղափոխություն արեց, նույնպիսի նպատակասլացությամբ էլ կատարում է իր խոստումները, եւ այդ խոստումները միայն «տնտեսական հաջողությունների» շրջանակով սքողելն էլ մանր խորամանկություն է համարում, որովհետեւ որքան էլ նախկին ավազակախումբը փորձի այս հեղափոխությունը «հանուն հացի» բնորոշել, նոր իշխանությունն էլ տրվի այս սադրանքին, հասարակությունը դեռ չի մոռացել, որ իր փողոց դուրս գալու գլխավոր պատճառն արդարության հաստատման ձգտումն էր, որը պետք է արտահայտվեր ավազակախմբի անդամների նույնքան արդար պատժով։

Եվ ի՞նչ ստացավ հասարակությունը։

Ստացավ լկտի եւ ագրեսիվ նախկինների աննախադեպ ամբարտավանությունը (ա՛յ, սա իրոք աննախադեպ է) եւ նորերի «թավշյա» կոկետությունները։

Ահա թե ինչու է նախկինների կարկառուն «արդարադատը» խոսում «ընդհանուր մաղձոտ մթնոլորտի» մասին։

Սրանք զրկվել են իշխանությունից եւ մաղձոտած են, հասարակության սպասումներն էլ աստիճանաբար մարում են, եւ մաղձը գլուխ է բարձրացնում, իսկ թե դրանից ովքեր կարող են օգտվել, հարցրեք Դավիթ Հարությունյանին եւ նրա նմաններին։

Սրանք, ի տարբերություն «աննախադեպ» նորերի», հիանալի գիտեն ե՛ւ հարձակվելու, եւ՛ իրավիճակից օգտվելու ուղիները։