19.01.2020 13:00

Սլավիկ Հայրապետյանը մեկնում է Եվրոպայի առաջնության

Սլավիկ Հայրապետյանը մեկնում է Եվրոպայի առաջնության

Հայաստանի առաջատար գեղասահորդ, 23-ամյա Սլավիկ Հայրապետյանը Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիրում նախապատրաստվում է հունվարի 21-ից Ավստրիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:

Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, աղջիկներից մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի Անաստասիա Գալուստյանը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցի նաև Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: 

«Ընդհանուր նախապատրաստությունը շատ լավ է ընթացել, ու ներկայիս վիճակում ամեն ինչ շատ լավ է: Հուսով եմ` մյուս շաբաթվա ընթացքում իմ այս մարզավիճակը կպահպանվի: Երկուշաբթի մեկնելու ենք ավստրիական Գրաց քաղաք, որտեղ կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Հունվարի 22-ին լինելու է իմ կարճ ծրագիրը, որտեղ մտադիր եմ ցույց տալ իմ մաքսիմումը, կատարել լավ կարճ ծրագիր, որպեսզի անցնեմ հաջորդ փուլ ու հնարավորություն ունենամ ներկայանալու երկար ծրագրում: Երկար ծրագիրը նախատեսված է հունվարի 23-ին»,- պատմում է Սլավիկ Հայրապետյանը:

Սլավիկ Հայրապետյանը նշում է` ամռանը փոխել է իր ծրագիրն ու առաջիկա առաջնությանը հանդես կգա բոլորովին նոր ծրագրով ու նոր երաժշտությամբ:

Եվրոպայի առաջնությանը մեդալների համար 35 գեղասահորդ կպայքարի: Սլավիկ Հայրապետյանն ասում է` ոչնչով չենք զիջում մրցակիցներին.

«Մեր մարզաձևում շանսերը շատ են, բայց մրցման ժամանակ նույնիսկ ամենաուժեղ մարզիկը կարող է ամեն ինչ խափանել ու պարտվել: Այդ իսկ պատճառով նախապես չեմ ցանկանա խոսել սպասելիքների մասին: Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ մենք ոչնչով չենք զիջում մյուս մարզիկներին»:

Սլավիկ Հայրապետյանի հայրն ու անձնական մարզիչը` Սամվել Հայրապետյանը, խոսելով սպասվելիք առաջնության մասին, ընդգծում է`Սլավիկի մարզումներում ավելի շատ կայունություն է նկատվում.

«Նախապատրաստությունը լավ է անցել, ինչպես` միշտ: Հուսով ենք` սահադաշտը մեզ կօգնի, չենք սայթաքի: Ամեն ինչ սառույցից է կախված: Սլավի մարզումներում հիմա ավելի շատ է զգացվում կայունությունը: Ժամանակից առաջ չընկնենք, բայց հուսով եմ`կկարողանանք հաղթահարել կարճ ծրագրի փուլն ու լավագույն 24 գեղասահորդների թվում կլինենք, ովքեր կմտնեն եզրափակիչ

Հիմա բավականին անսխալ ու լավ կատարում է իր բարդ էլեմենտները, կայուն կարգավիճակում, մրցման ժամանակ արդեն կտեսնենք: Ամեն դեպքում բոլոր շանսերն ունի հայտնվելու լավագույն 10-յակում»,- մեզ հետ զրույցում ասում է Սամվել Հայրապետյանը:

ԵԱ-ից հետո Սլավիկ Հայրապետյանը երկու միջազգային մրցաշարի կմասնակցի` նախ Տալլինում, ապա Լյուքսեմբուրգում, ինչից հետո` մարտի 16-ին Կանադայում իր ուժերը կչափի արդեն Աշխարհի առաջնությունում.

«Մրցաշրջանը սկսվել է սեպտեմբերին, բայց քանի որ առողջական որոշ խնդիրներ ունեի, մրցաշրջանն ամբողջ ծավալով չենք անցկացրել, ու մինչև Եվրոպայի առաջնությունը ես ընդամենը 2 մրցաշարի եմ մասնակցել: Ցանկացա 100 տոկոսով պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Հուսով եմ` աշխարհի առաջնության ժամանակ էլ լավ պատրաստ կլինեմ:

Մոնրեալում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո վերադառնալու եմ Հայաստան ու սկսեմ նախապատրաստվել արդեն Հայաստանի առաջնությանը և պատրաստել իհարկե մեր մարզիկներին»: