21.01.2020 12:20

Հայհոյող բռնաճնշվածները

Հայհոյող բռնաճնշվածները

Այն, որ իշխանությունները բազմաթիվ սխալներ են արել եւ անում են ու դեռ կանեն, որեւէ մեկը չի էլ կարող ժխտել: Այդ թվում, ամենամեծ սխալներից մեկը նախկինների ժամանակ հանցանքներ կատարածներին իրավական պատասխանատվության ենթարկելու գործընթացն այնպես ձգձգելն ու ոչ պատշած նախապատրաստելն է, որ հեղափոխությունից որոշ ժամանակ անց նրանք, գոնե ամաչելու եւ լռելու փոխարեն, ավելի ու ավելի են ակտիվանում եւ ագրեսիվանում` հոխորտալով եւ քաղաքական իրողություններն ու դասավորվածությունը փոխելու շուրջ (բնականաբար՝ ոչ ընտրությունների միջոցով, որովհետեւ իրական քաղաքական պայքարն իրենցը չէ) կոնկրետ քայլեր կատարելով:

Բայց, այ, երբ նախկիններն են աղմուկ բարձրացնում, թե՝ հասեք, երկրում աննախադեպ բռնաճնշումներ են տեղի ունենում, եփած հավի ծիծաղն է գալիս նույնիսկ:

Ու այդ աղմուկի մեջ պարբերաբար բողոքներ են հնչում, թե երկրում աննախադեպ ճնշումներ են սկսվել խոսքի ազատության դեմ: Այս վերջին թեման արդեն քանի օր նորից շրջանառության մեջ է, եւ նորից ավանգարդում նախկինների քարոզչության առաջամարտիկներն են:

Ու սա ասում են մարդիկ, որոնք մինչեւ 2018 թվականը երբեւէ չեն բողոքել խոսքի եւ հատկապես ԶԼՄ-ների ազատության խնդրից, որոնք չնկատելու են տվել այն հանգամանքը, որ հատկապես հեռուստատեսային ոլորտում իշխանություններին հաճո քարոզչությունն ընթացել է յուղի պես, եւ կասկած չեն ունեցել անգամ, թե այդ ինչպես է ստացվում, որ բոլորի լրատվական քաղաքականությունը հիմնականում համընկնում է, որ բոլորի մոտ էլ հիմնականում նույն մարդիկ են դրական եւ բացասական հերոսների կերպարներում, որ բոլորն էլ քաղաքական գործընթացների շուրջ ասես նույն կարծիքն ունեն ու նույն երգն են երգում: Իհարկե, կարելի է ասել, թե, այո, առանց որեւէ անտեսանելի ձեռքի կառավարման եւ հրահանգավորման՝ բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարները, լրագրողները նույն կարծիքն են ունեցել քաղաքական գործընթացների վերաբերյալ, ունեցել են նույն կողմնորոշումն ու հիմնականում կա՛մ բացասական են վերաբերվել, կա՛մ չնկատելու են տվել հսկայական բողոքի ցույցերը, որ պարբերաբար տեղի էին ունենում երկրում, ուղղակի չէին սիրում ընդդիմադիրներին եւ այլն, եւ այսպես շարունակ: Գուցե, թող ասեն, բայց այդ դեպքում մի՞թե երկրում չկային այլ կարծիք ունեցող, փող ունեցող մարդիկ եւ լրագրողներ, եւ ինչո՞ւ էին այդ պարագայում համապատասխան մրցույթները շահում հենց նրանք, ովքեր եթե ոչ բացահայտ ու ագրեսիվ էին իշխանության ընդդիմախոսների հանդեպ, ապա առնվազն լոյալ էին իշխանություններին: Չի բռնում, չէ՞:

Ու ահա այդ անձինք այսօր բողոքում են խոսքի ազատության դեմ ոտնձգություններից: Ի՞նչ շահ ունեն նրանք այդպիսի պնդումներ անելու համար, սակայն, ի՞նչ են ունեցել նախկինում, որ հիմա չունեն: Արդյո՞ք խոսքի ազատություն են ունեցել եւ դրանից զրկվելուց են այժմ դիրքավորվել այնտեղ, որտեղ ավելի շատ ռեսուրսներ կան: Թե՞ այլ առավելություններ են ունեցել:

Իսկ իշխանություններին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ոչ հաստատ ԶԼՄ-ներին ճնշելու հարցում: Այս իշխանությունների օրոք մեր ոլորտում ոչ միայն ազատություն է, այլեւ, եթե կուզեք` ամենաթողություն: Եւ այն, որ նույն մի քանի տասնյակ անձինք առավոտից երեկո տարբեր հեռուստաալիքների եթերում, տարբեր թերթերի եւ կայքերի էջերով բողոքում են խոսքի ազատությունից եւ երբեմն անգամ ամենավերջին բառերով հայհոյում իշխանություններին, հենց դրա ապացույցն է: Թե չէ՝ մի քիչ դժվար է պատկերացնել, թե այդ ինչպես է երկրում 37 թվականը տիրում, եւ բռնաճնշվում է ազատ խոսքը, երբ այդ նույն պնդումներ անող փոքրիկ խմբակը երեւալու ավելի շատ եթեր ունի, քան հակառակ կարծիքն ունեցողները:

Դուք միայն պատկերացրեք, թե ինչ կլիներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք, եթե մի հեռուստաընկերության եթերում որեւէ ընդդիմադիր հայհոյեր Քոչարյանին եւ Սարգսյանին, արդյո՞ք այդ մարդուն երկրորդ անգամ եթեր կտային, արդյո՞ք «ինքնաբուխ» կերպով այդ անձանց չէին ներառի հրավիրման ոչ ենթակա անձանց ցուցակում, իսկ եթե հրավիրեին, այդ  հեռուստաալիքի կամ ալիքի ղեկավարի կամ տիրոջ հետ ի՞նչ տեղի կունենար: 

Պարգեւ Ապրեսյան