21.01.2020 12:30

Արսեն Գրիգորյան. Ատելության ցախավելին հեծածները

Արսեն Գրիգորյան. Ատելության ցախավելին հեծածները

Այնպիսի տպավորություն է, որ նախկին իշխանությունները երկար էին սպասել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանը։ Անմիջապես գիտեն, թե ուր ուղղեն սլաքը։ Եվ գիտեն, թե ինչ լեզվով։

Քննչական կոմիտեի նախնական վարկածը հերիք էր, որ գործող իշխանությունները դառնան թիրախ՝ մարդուն հասցրեցին էդ օրին։ Ու սկսվեց ատելության մթնոլորտի մրցարշավը նախկինների մեջ՝ ո՞վ ավելի ուժեղ կբղավի։ Մեկի խելքին բրդում է ասել, որ «Կուտոյանն ինքնասպանություն է գործել, որպեսզի իշխանությանը՝ կյանքի գնով պետության կործանումից զերծ մնալու ուղերձ հղի»։ Մյուսը, նույն մահն ակնարկելով՝ ասում է, թե «2018թ. ապրիլից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։ Երրորդը երգում է հին երգը՝ կանգ առեք։

Սրանք իշխանությանը տեսնում են իրենց դեմքով։ Սրանք հայելու մեջ են նայում՝ այն տարբերությամբ, որ հայելու միջինն իշխանություն է, իրենք՝ ոչ։ Իրականում ավելի սարսափելի բան է տեղի ունենում, քան նույնիսկ հնարավոր է ենթադրել։ Այս մարդիկ անկառավարելի են իրենց ատելության մեջ, ու այս մարդիկ հզոր մեդիադաշտ ունեն։ Սրանք միջավայր են ապահովում ոչ թե ընտրություններով իշխանություն վերցնելու, այլ իրենց ատելության ցախավելին հեծած վերադառնալու, ինչպես՝ ռուսական հեքիաթների վհուկը։

Ի՞նչ է կատարվում նրանց ուղեղներում՝ արդեն քաղաքագիտության եւ նույնիսկ հոգեբանության թեմա չէ։ Իրենք իրենց էությամբ են դառնում անկառավարելի, իրենք իրենց հասցեին են դառնում անկառավարելի, ահա ինչու է սարսափելի այն, որ նրանք հզոր մեդիա ունեն։ Նրանք մանիպուլացնում են ամեն ինչ։ Ստամբուլյան կոնվենցիան իրենք են ընդունել, շուռ են տալիս այս իշխանությունների վրա, սուպերվարչապետական սահմանադրությունն իրենք են ընդունել, շուռ են տալիս այս իշխանությունների վրա, Վիկիլիքսի վերլուծականը 90-ականների իշխանությունների դեմ շուռ տալն ընդհանրապես մանիպուլացիայի գագաթնակետն է։ Թե այդ իշխանություններին ինչու՞ են գործողներին սեւացնելու  հետ թիրախ ընտրել՝ դժվար է բացատրել, բայց չմոռանանք, որ այսօրվա «ընդդիմադիրները» նախ քաղաքական խոսքին են թշնամի։ Իսկ քաղաքական խոսքը նրանց հասկանալի չէ։ Ահա ինչու են ամեն գնով ատելության խոսք տարածում։ Պատահակա՞ն է, որ գրեթե ամեն օր նախկինները գործող իշխանության վարկանիշ են հաշվում։ Նրանք ընտրել են հեղափոխության վարկաբեկման ամենավայրենի ճանապարհը՝ վայրահաչությունը։ Եվ դա այն պայմաններում, որ նրանց մեծ մասը հիմա պետք է ցուցմունք տալիս լիներ, ոչ թե քննադատելիս։

Այս ամենի դեմ ի՞նչ պետք է անեն գործող իշխանությունները։ Թվում է, թե ի՞նչ պետք է անեն, եթե նախկինների զառանցանքներին հավատացող չկա։ Բայց հիշու՞մ եք, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես էր 2008-ի փետրվարին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին սպառնում, թե «կարող է (ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների - Ա. Գ.) հանրահավաքների բոլոր կազմակերպիչներին և ելույթ ունեցողներին օրինական ճանապարհով բանտ նետել, քանի որ նրանք խախտում են օրենքը` վիրավորելով իշխանություններին»։ Սա ասում էր Քոչարյանը, ըստ ԱՄՆ դիվանագետների խոսքը մեջբերող Վիկիլիքսի։ Իշխանությանը «վիրավորողներին» մարդը պատրաստ էր բանտ նետել, ինչը եւ արեց։ Այս իշխանությունը դա չի անի։ Բայց արդյո՞ք ինքն է այդ ատելության «շահառուն»։ Ոչ, «շահառուն» ժողովուրդն է, որովհետեւ մտքի փոխարեն նրան առաջարկում են կեղծիք ու թշնամանք։ Հետեւաբար՝ իշխանությունը պետք է մտածի ժողովրդի մասին։ Դա նույնիսկ չի քննարկվում։