21.01.2020 13:50

Չինաստան․ Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման

Չինաստան․ Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման

Չինաստանի հյուսիսում՝ Տյանցզին քաղաքում, միջին աստիճանի դատարանը երեքշաբթի օրը 13,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին։

Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հաղորդման համաձայն՝ մեղադրյալը ցանկություն չի հայտնել բողոքարկելու վճիռը և բողոքարկման դիմում չի ներկայացրել, նա նաև պետք է տուգանք վճարի 2 մլն յուանի չափով (մոտավորապես 292 հազար դոլար)։

Մեն Հունվեյը մեղադրվել է կոռուպցիայի և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Ինչպես պնդում է հետաքննությունը, պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում նա կաշառք է ստացել 14,46 մլն յուանի չափով (2,12 մլն դոլար)։

2018 թ․ Չինաստանի իշխանությունները հաղորդել են Մեն Հունվեյի ձերբակալության մասին՝ օրենքը խախտելու համար, իսկ Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Ինտերպոլի նախկին ղեկավարը կասկածվում է կաշառք ստանալու և այլ հանցագործությունների մեջ։ 2019 թ․ մարտի վերջին Չինաստանի ղեկավարությունը նրան հեռացրել է Կոմկուսի շարքերից և ազատել պետական պաշտոններից, իսկ ապրիլին ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազությունը նրան ձերբակալելու որոշում է կայացրել։

Կոռուպցիայի դեմ պայքարը ՉԺՀ-ում ակտիվացել է 2012 թ․ ղեկավարների «հինգերորդ սերնդի» իշխանության գալով՝ Սի Ձինպինի ղեկավարությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։