22.01.2020 13:15

Դավոս-2020․ Թրամփն՝ ընդդեմ «Ապոկալիպսիսի մարգարեների»

Դավոս-2020․ Թրամփն՝ ընդդեմ «Ապոկալիպսիսի մարգարեների»

Դավոսում այս տարի կլիմայական խնդիրներին նվիրված Համաշխարհային տնտեսական համաժողովի առաջին իսկ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը հեռակա վիճաբանել են։

Թրամփը, որ ԱՄՆ-ը հանել է Կլիմայի փոփոխությունների փարիզյան պայմանագրից, իր ճառը նվիրել է ԱՄՆ-ի տնտեսական բարգավաճմանը և խոստացել է միանալ Երկրի վրա տրիլիոն նոր ծառ տնկելու նախաձեռնությանը։

17-ամյա Գրետա Թունբերգը հակադարձել է, որ կլիմայական փոփոխությունները միայն ծառ տնկելով կասեցնել չի հաջողվի։

Թրամփը կոչ է արել հեռու վանել «Ապոկալիպսիսի մարգարեներին» և դրա փոխարեն՝ պահպանել լավատեսությունը։ «Այդ խուճապարարները միշտ նույն բանն են ուզում՝ բացարձակ իշխանություն, որպեսզի գերիշխեն, այլափոխեն ու վերահսկեն մեր կյանքի բոլոր ասպեկտները»,- ասել է Թրամփը՝ կոնկրետ անուն չտալով և ուղիղ չդիմելով դահլիճում նստած էկոակտիվիստուհուն։

Գրետան, իր հերթին, քաղաքական գործիչներին մեղադրել է, որ նրանք հանուն շահի պատրաստ են իրենց երեխաներին թողնել կլիմայական քաոս և կրակի մեջ այրվող աշխարհ։ Նա պահանջել է, որ աշխարհը հենց հիմա հրաժարվի հանածո վառելիքից։

Փոխանցում է BBC-ն։