22.01.2020 15:24

Զարիֆը ԵՄ-ին խորհուրդ է տալիս ինքնուրույն գործել և չտրվել ԱՄՆ-ի սպառնալիքներին

Զարիֆը ԵՄ-ին խորհուրդ է տալիս ինքնուրույն գործել և չտրվել ԱՄՆ-ի սպառնալիքներին

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը եվրոպական երկրների իշխանություններին կոչ է արել ինքնիշխանություն դրսևորել՝ փոխանակ արձագանքելու ԱՄՆ-ի տնտեսական սպառնալիքներին։

Այդ մասին Զարիֆը չորեքշաբթի գրառում է կատարել Twitter-ի իր էջում։

«Ազնվությունը վաճառելուց և և ցանկացած օրինական հիմքեր կորցնելուց հետո ԱՄՆ-ը նոր տարիֆներով է սպառնում։ Լավ կլինի, որ ԵՄ-ն սկսի դրսևորել իր ինքնիշխանությունը»,- գրել է Զարիֆը։

Նրա խոսքով՝ երբ «եվրաեռյակը» (Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան) անցյալ շաբաթ «վաճառեց միջուկային գործարքի մնացորդները, որպեսզի խուսափի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատժամիջոցներից, Իրանի ԱԳՆ-ն նախազգուշացրեց, որ դա ընդամենը գրգռելու է ամերիկյան վարչակազմի ախորժակը»։

Հունվարի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Եվրամիությունից ավտոմեքենաների ներկրման վրա տուրքեր սահմանելու լուրջ մտադրության մասին, եթե կողմերին չհաջողվի պայմանագիր կնքել Վաշինգտոնի համար ընդունելի պայմաններով։

Հունվարի 15-ին The Washington Post-ը գրել էր, որ Թրամփը Փարիզին, Լոնդոնին ու Բեռլինին սպառնացել է 25 % տուրք սահմանել եվրոպական ավտոմեքենաների վրա, եթե նրանք Իրանին չմեղադրեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը խախտելու մեջ։ Թերթի աղբյուրներից մեկը ԱՄՆ-ի այդ քայլն անվանել էր «շորթում»։

Փոխանցում է tass.ru-ն։