22.01.2020 16:29

Լիզա Ճաղարյան. Նախկինների ուրվականը ԱԺ-ում

Լիզա Ճաղարյան. Նախկինների ուրվականը ԱԺ-ում

Այո՛, ցանկացած խորհրդարանում, նույնիսկ՝ աշխարհիս երեսի ամենաժողովրդավարական, ամենաքաղաքակիրթ, ամենազարգացած պետություններում բացառված չեն քաշքշուկները եւ խուլիգանական արարքները։

Եվ լինում են։ Տեսնում ենք։

Մի տարբերություն կա։ Նման երկրներում անհնար է, որ քաշքշուկի ու խուլիգանական պահվածքի հեղինակները, դրանց կուսակիցները րոպեներ անց փայլփլուն եւ անմեղ աչուկներով մոտենան ամբիոնին ու դիմացիններին բարեկրթության եւ խորհրդարանական կեցվածքի պահպանման դասեր տան։ Ավելին, անհնար է, որ «քուչայական» պահվածքը փորձեն պաճուճապատել բանաստեղծական զանգուլակներով, միաժամանակ անմեղսունակի տեղ դնելով այն հանրությանը, որն ուղիղ եթերով «ըմբոշխնել է» այդ «պոեզիայի երեկոն»։ Եթե կայացած պետություններում նույնիսկ փորձեն նման քյանդրբազություն անել, ըստ արժանվույն հակահարված կստանան «օրենքի տառին համապատասխան»՝ ինչպես կասեր ՀՀԿ-ական «օրինաստեղծ» պատգամավոր Շմայսը։

Հայաստանում հնարավոր է եւ պատահեց։

Սա դեռ քիչ էր, պարզվեց՝ «քրեական ենթամշակույթին» բնորոշ այդ դեբոշը հաճույք էր պատճառել օրինապահության ռահվիրայի դափնեպսակի հավակնող մեկ այլ ԱԺ խմբակցության ղեկավարին եւ նրա «քիթը փակող» կուսակցին (համենայն դեպս՝ նշված կուսակցությունից ոչ ոք չհերքեց իմքայլական պատգամավորի այս մեղադրանքը)։

Եվ այսպես, զարմանալի չէ՞, որ Հայաստանի հանրության մեծամասնությունը դժգոհում է հետհեղափոխական օրենսդիր իշխանությունից՝ հետեւողականության եւ վճռականության ակնհայտ պակասի համար, իսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հետեւողականորեն եւ վճռականորեն «բոբոյի» կերպար են հյուսում իմքայլականներից։

Զարմացողները թող շարունակեն կուշտ-կուշտ զարմանալ, իսկ իմ դիտարկմամբ՝ այս խմբակցություններն ակնհայտորեն որդեգրել են ռոբասերժական խմբակի եւ սրանց ծառայող անթիվ-անհամար լրատվամիջոցների ձեռագիրն ու ոճը, նույնիսկ՝ բառապաշարը։

Եթե նախկիններն անճոռնի ու լկտի հարձակումներ են գործում ներկա իշխանության վրա՝ վերագրելով նրանց այնպիսի մեղքեր ու հանցանքներ, որոնց լպիրշ «վարպետն» են եղել հենց իրենք, եւ հենց այդ անթիվ-անհամար հանցագործությունների համար էլ ապտակ ստացան Հայաստանի քաղաքացիներից ու նետվեցին պատմության աղբանոցը, ապա Ազգային ժողովի այս երկու խմբակցություններն էլ լծվել են ներկա իշխանությանը նույնացնելով նախկինների հետ՝ եթե շատ բարի են, իսկ եթե շատ զայրացած են, ապա հմտորեն համեմատում են նախկինների հետ, եւ համեմատության արդյունքում շահեկան լույսի տակ ներկայացնում ՀՀԿ-ական ավազակախմբին։

Պատահականությու՞ն է սա, թե նպատակաուղղված գործելաոճ է՝ նախկիններին աղբանոցից հանելու «ազնիվ» մղումով։

«Լավատեսները» թող շարունակեն մտածել, որ պատահականություն է, ինքս հակառակ կարծիքին եմ։

Իսկ թե ինչու, թող պարզեն իմքայլականները։

Եթե ի վիճակի են։