23.01.2020 13:15

Պարտքի և հիշատակի համաժողով Երուսաղեմում

Պարտքի և հիշատակի համաժողով Երուսաղեմում

Այսօր Երուսաղեմում, Երկրորդ աշխարհամարտում եվրոպացի հրեաների Աղետին (Shoah) նվիրված «Յադ Վաշեմ» հուշահամալիրում, մեկնարկում է Հոլոքոստի հիշատակի՝ թվով հինգերորդ միջազգային համաժողովը, որն անցկացվում է բարձր մակարդակով:

Կազմակերպիչ և նախաձեռնող, Եվրոպացի հրեաների կոնգրեսի նախագահ Վյաչեսլավ Մոշե Կանտորը համաժողովի բացումից մի քանի ժամ առաջ հայտարարել է, թե «հրեատյացության ծանր դեպքերի մակարդակն անշեղորեն աճում է՝ աստիճանաբար մոտենալով նախապատերազմական շրջանի մակարդակին»:

Ներկա գագաթնաժողովի կազմակերպմանն աջակցողների թվում է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որը հայտարարել է, թե «հրեատյացության և ծայրահեղականության դեմ պայքարը մեր բոլորի ընդհանուր պարտքն է»:

Գագաթնաժողովի հյուրերի շարքում են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: ԱՄՆ-ը կներկայացնի փոխնախագահ Մայքլ Փենսը:

Հոլոքոստին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով Իսրայելում է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն այցելել է Կնեսետ և այդ երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, որպեսզի, նրա խոսքով՝ «մարդկային այդ ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»:

Գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել Լեհաստանի և Լիտվայի նախագահները:

Փոխանցում է euronews-ը: