23.01.2020 14:55

Բայդենը հրաժարվել է մասնակցել վարչակազմի հետ գործարքին

Բայդենը հրաժարվել է մասնակցել վարչակազմի հետ գործարքին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ցուցմունք չի տա ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակներում՝ այն բանի դիմաց, որ վաշինգտոնյան վարչակազմի առանցքային աշխատակիցներից մեկը նույնպես ցուցմունք տա:

Այդ մասին Բայդենը, որ հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից, լրագրողներին հայտարարել է Այովա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպմանը:

Նախկին փոխնախագահին հարց է տրվել, թե արդյո՞ք նա պատրաստ է ցուցմունքներ տալ, եթե նույնն անի ԱՄՆ վարչակազմի աշխատակիցներից մեկը, օրինակ՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին:

«Ես չէի գնա այդ գործարքին այն պատճառով, որ այդ հարցը սահմանադրական նշանակություն ունի: Նրանք փորձում են դա վերածել ֆարսի կամ քաղաքական թատրոնի: Ես չեմ ուզում դրան մասնակցել»,- ասել է Բայդենը:

Ջոզեֆ Բայդենն այժմ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակիցներից մեկն է:

Փոխանցում է tass.ru-ն: