23.01.2020 17:33

Արսեն Գրիգորյան.Պետությունում առկա է ընդդիմություն ունենալու խնդիր

Արսեն Գրիգորյան.Պետությունում առկա է ընդդիմություն ունենալու խնդիր

Խորհրդարանի վերջին օրերի աշխուժությունը Նոր Հայաստանի հետ չի խոսում։ Կարծես թե հին Հայաստանն է հիշեցնում, որտեղ ընդդիմությունը «շան լափ» էր թափում իշխանության գլխին ու՝ տեղին։ 

Բայց փոքրիկ խնդիր կա այսօր։ Խորհրդարանական ընդդիմությունն այսօր մնացել է երեկվա Հայաստանում։ Այդ ընդդիմությունն իր համար ձեւավորել է քաղաքական երեւակայության մի աշխարհ, որտեղ քաղաքական հակառակորդ չունի։ Այդ հակառակորդին իր հետ բերել է անցյալից։ Նրա կռիվը դեռ Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի հետ է։ Հետեւաբար, ըստ այդմ է նաեւ նրանց բառապաշարը։ Սա չի նշանակում, որ այդպիսին է եղել այն ժամանակվա ընդդիմությունը։ Սա նշանակում է, որ այդպիսին է իրեն պատկերացնում ընդդիմությունն իշխանությանը։ Որովհետեւ իրեն թվում է, թե եթե խոսեց «ժողովրդական» բառապաշարով, ուրեմն հասկանալի եւ ընդունելի կլինի։ Ու սարսափելին այն է, որ այսօրվա ընդդիմությունը այդպես է պատկերացնում ժողովրդի ընկալումը։ 

Սակայն այսօրվա խորհրդարանական ընդդիմության հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն այդ բառապաշարը ժողովրդինը չէ, այլեւ, նույնիսկ եթե ժողովրդինը լիներ, իրենք չեն խոսում ժողովրդի անունից։ Նրանց ընդդիմադիրությունը զուրկ է լեգիտիմ մրցակցությունից։ Որովհետեւ այդ մրցակցության պատվիրատուն ժողովուրդն է, որովհետեւ նույն ժողովուրդը ուրվագծել է այն իշխանությունը, որին ընդդիմադիր լինելը ոչ միայն կեցված է, այլեւ՝ բառապաշար։ Մենք ի՞նչ ենք լսում այսօր։ Իշխանությունն ասում է «քրեական ենթամշակույթ», ընդդիմությունը փորձում է դա թարգմանել ժողովրդի համար՝ գողականներ եւ «երեք տառանիներ»։ 

Մի կողմ թողնենք, որ այստեղ քաղաքական բանավեճի միջավայր չկա, որովհետեւ ինչպե՞ս հակադարձես, երբ քեզ վրա հարձակվում են այս մտածողությամբ։ Խնդիրն այն է, որ մեծ հաշվով ի՞նչ հարց է լուծում ընդդիմությունը. Ըստ էության՝ ոչ մի։ Որովհետեւ, համենայնդեպս, դրա համար չեն հավաքվել։ Պետության մարտահրավերներն այլ են եւ քրեական ենթամշակույթն էլ, համենայնդեպս, գողականները չեն սոսկ, ինչպես ծխելու խնդիրը սոսկ ծխողները չեն։ Ընդդիմությունը խորհրդարանում եւ հատկապես խորհրդարանական երկրում դատապարտված է լինել քաղաքական։ Ընդդիմությունը քաղաքական չի լինում, եթե այն նշանակովի է։ Այսօրվա ԲՀԿ-ն եւ այս կամ այն չափով՝ նաեւ ԼՀԿ-ն, իրենց պահում են նշանակովի ընդդիմության նման, որոնք բացարձակապես տեղյակ չեն այն պետությունից, որտեղ ընդդիմություն են։  

Իշխանությունն այստեղ անելիք ունի՞։ Բնականաբար։ Իշխանությունն այսօր գրեթե ամեն տեղ անելիք ունի։ Նախ չպետք է տրվի պոպուլիստական լինելու սադրանքին։ Որովհետեւ որեւէ հեռանկար չունեցող ընդդիմությունը սովորաբար ստեղծում  ցասման մթնոլորտ։ Այսօր այդ մթնոլորտի համար խորհրդարանական ընդդիմությունը ժողովրդական հող չունի, սակայն այլ ձեռագրի սովոր չէ հենց քաղաքական չլինելու պատճառով։ Նշանակում է պետությունն ունի ընդդիմություն ունենալու խնդիր։