24.01.2020 13:45

Մարտի 1-ին վերաբերող մի հրապարակման առթիվ

Մարտի 1-ին վերաբերող մի հրապարակման առթիվ

7or.am կայքի հունվարի 18-ի թողարկման մեջ հրապարակվել է Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա Մարտի 1-ի իրադարձությունների մեղքը փորձում է բարդել Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի վրա:

Հարկ չենք համարում արձագանքել այդ անհեթեթությանը, քանի որ ժամանակին մարտի 1-ի իրադարձություններին Տեր-Պետրոսյանի առնչության խնդրին սպառիչ կերպով անդրադարձել է նույն կայքի սեփականատեր և գլխավոր խմբագիր Անդրանիկ Թևանյանը, որի հոդվածի համապատասխան մասը ներկայացնում ենք ստորև:

iLur.am


Ու՞մ էր ձեռնտու մարտի 1-ը

ՀՀ առաջին նախագահին ձեռնտու չէր մարտի 1-ը: Նրա մարտավարությունը հստակ էր՝ Ազատության հրապարակում պահել հոծ զանգվածներին այնքան ժամանակ, մինչև որ իշխանական բուրգը լուրջ ճաքեր կտա և, ի վերջո, կփլուզվի: Նման երևույթներ կամաց-կամաց տեղի էին ունենում, և իշխանությունների համար գնալով դժվարանում էր բուրգի փլուզումը կանխելը:

Շուրջօրյա հանրահավաքները, պարբերաբար տեղի ունեցող երթերն ու այլ ակցիաները նպատակ ունեին փողոցային «ռասկաչկան» հասցնել գագաթնակետին մինչև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկումը:

Հայտնի է, որ ՍԴ ղեկավար Գագիկ Հարությունյանը սուպերկոնյունկտուրային պաշտոնյա է, և եթե փողոցում հարյուր հազար մարդ լիներ, ապա նա կդառնար անկանխատեսելի ո ւանկառավարելի իշխանությունների համար: 2003-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացները ցույց տվեցին, որ Հարությունյանը մի թեթև փողոցային ճնշումից անգամ կարող է տեղի տալ և խուճուճ որոշում կայացնել, էլ ուր մնաց՝ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված հսկայական զանգվածի ճնշմանը դիմանար: Մանավանդ որ Հարությունյանը որևէ խնդիր չէր ունենալու Տեր-Պետրոսյանի հաղթանակի արդյունքում և կարող էր հանգիստ հանձնել գործող իշխանություններին:

Եթե ՍԴ-ն ընտրության առաջին փուլի արդյունքները չեղյալ հայտարարեր ու նշանակեր երկրորդ փուլ, ապա պետական ապարատը կփլուզվեր, կսկսվեր «առնետավազք», և Սերժ Սարգսյանը չէր կարողանա նախագահ դառնալ: Իշխանությունները շատ լավ հաշվեցին այս ամենը և փորձեցին կանխել ՍԴ-ում տեղի ունենալիքը՝ որոշում կայացնելով ցրել Ազատության հրապարակում հավաքվածներին մինչև ՍԴ նիստը (նիստն, ի վերջո, տեղի ունեցավ արտակարգ դրության պայմաններում):

Հարկ է նկատել, որ հանրահավաք ցրելը չստացվեց այնպես, ինչպես պլանավորվել էր: Եղավ դիմադրություն, և հնարավոր չեղավ մեկ գրոհով հարցը փակել: Մարդիկ ցրվեցին Ազատության հրապարակից, բայց հետո հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Ուժի կիրառումը հակառակ էֆեկտն ունեցավ, և դիմադրությունը դարձավ զանգվածային:

Թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն: Արդյունքն այն էր, որ կանխվեց առաջին նախագահի պլանը, և նա չվերադարձավ Բաղրամյան 26: Եվ այսպես, Տեր-Պետրոսյանին բախումը ձեռնտու չէր, քանզի նա նախ դրա ռեսուրսը չուներ, և բացի այդ, ինչպես վերևում նշեցինք, լրիվ այլ մարտավարություն էր ընտրել, ինչը ուժի չկիրառման դեպքում գրեթե հարյուր տոկոսանոց արդյունք էր ապահովելու իր համար:

Անդրանիկ Թևանյան

7or.am

18.03.2016