24.01.2020 14:16

Իսրայելը շնորհակալ է ԽՍՀՄ-ին, Լեհաստանը հիշեցնում է Հիտլերի հետ կնքված պայմանագիրը

Իսրայելը շնորհակալ է ԽՍՀՄ-ին, Լեհաստանը հիշեցնում է Հիտլերի հետ կնքված պայմանագիրը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կոչ է արել չմոռանալ պատմական ճշմարտությունը Հոլոքոստի մասին և շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այն բանի համար, որ Կարմիր բանակն ազատագրել է  ժամանակակից Լեհաստանի տարածքում գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը:

Կացի այս խոսքը հերթական փաստարկն է Ռուսաստանի և Լեհաստանի միջև ծավալված բանավեճին՝ Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային Միության դերի շուրջ:

Ավելի քան 40 համաշխարհային առաջնորդներ են ժամանել Երուսաղեմ՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի համաժողովին՝ նվիրված Օսվենցիմի ազատագրման 75-ամյակին:

Կացը նաև նշել է, որ իր մայրը նույնպես եղել է Օսվենցիմում և ողջ է մնացել Կարմիր բանակի գործողությունների շնորհիվ: «Եթե խոսենք այդ իրադարձությունների շուրջ ծագած պատմական վեճի մասին, ապա մենք, լինելով այն մարդիկ, ում ազատագրել են, հաստատ գիտենք, թե ով է մեզ ազատագրել, մենք գիտենք պատմական ճշմարտությունը»,- օդանավակայանում Պուտինին դիմավորելու արարողության իր ճառում ասել է Կացը:

Լեհաստանի չի վիճարկում այն փաստը, որ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարն ազատագրել են խորհրդային զորքերը, սակայն Վարշավան պնդում է, որ Հոլոքոստը և Երկրորդ համաշխարհային պատերազմը, ընդհանուր հաշվով, 1939 թ. նացիաստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի արդյունք էին:

Փոխանցում է BBC-ն: