24.01.2020 15:09

Սորոսը Facebook-ին մեղադրում է Թրամփի հետ գործարք կնքելու մեջ

Սորոսը Facebook-ին մեղադրում է Թրամփի հետ գործարք կնքելու մեջ

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը ենթադրում է, որ Facebook ընկերության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև գոյություն ունի որոշակի պայմանավորվածություն, որի շրջանակներում ընկերությունը օգնում է Թրամփին նախագահական նախընտրական մրցապայքարում:

Այդ մասին Սորոսը հայտարարել է հինգշաբթի՝ ելույթ ունենալով Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում:

«Կարծում եմ՝ Թրամփի և Facebook-ի միջև ինչ-որ ոչ պաշտոնական փոխընբռնում կամ համաձայնություն գոյություն ունի: Facebook-ը կհամագործակցի Սպիտակ տան հետ՝ Թրամփին վերընտրելու համար, իսկ Թրամփն էլ կպաշտպանի Facebook-ին»,- ամերիկացի միլիարդատիրոջ խոսքն է մեջբերել Bloomberg-ը:

Ելույթի ընթացքում Սորոսը Թրամփին մեղադրել է նաև ԱՄՆ-ի շահերը սեփականին ստորադասելու մեջ:

Նախկինում Սորոսը բազմիցս քննադատել է Facebook-ին և Google-ին, քանի որ այդ ընկերությունները, նրա կարծիքով՝ մենաշնորհել են շուկան՝ խոչընդոտելով նորարարությունները և կախվածություն ստեղծելով իր ծառայություններից:

Սորոսն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը հասնում է գրեթե 25 մլրդ դոլարի: 2016 թ. փետրվարին CNN հեռուստատեսությունը հաղորդել էր, որ Սորոսը 6 մլն դոլար է նվիրաբերել Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրարշավի համար: Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Սորոսը նրան անվանել է բռնապետության կողմնակից և ԱՄՆ-ը մաֆիոզ պետության վերածող:

Փոխանցում է tass.ru-ն: