24.01.2020 16:03

Լիզա Ճաղարյան. «Կարեւորը մենք ենք, Ամերիկան» ու մեկ էլ՝ Հրայր Թովմասյանը

Լիզա Ճաղարյան. «Կարեւորը մենք ենք, Ամերիկան» ու մեկ էլ՝ Հրայր Թովմասյանը

Արդեն ահագին ժամանակ գիտեինք, որ մեր պետության սահմանների պաշտպանը Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանն է, գիտեինք նաեւ, որ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը գիշեր-ցերեկ խրամատում նստած է, այսօր էլ իմացանք, որ Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը վտանգված է, որովհետեւ Հրայր Թովմասյանին օրվա իշխանությունը քրեական մեղադրանք է ներկայացրել։

Այս տեքստը ես չեմ հորինել, Հրայր Թովմասյանի հարցազրույցներից եմ մեջբերում։

Մեր երկրի սահմանների անառիկության խնդիրը սեփական թանկագին անձով պայմանավորելը, Սահմանադրական պատերի ներսում տաքուկ-փափուկ աշխատելը խրամատային պայմաններին հավասարեցնելը նոր բան չէ հայաստանյան իրականության մեջ։ Հայոց բանակի կազմի չափ եւ գուցե ավելի շատ թանկագին հայրենակիցներ ունենք՝ Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի բազկաթոռներին փռված, որոնք առավոտից իրիկուն Նախիջեւանն են մեկ օրում ազատագրում, Բաքվում ֆռթացնելով չայ են խմում, Ստամբուլն արյան ծով են դարձնում, այնպես որ՝ Հրայր Թովմասյանի այս հայտարարություններին «ըմբռնումով մոտենանք»։

Իսկ ա՛յ երկրի միջազգային հեղինակության «մսխման» խնդիրը, որ, ըստ նույն Հրայր Թովմասյանի՝ «տարիներով հավաքել են» ինքն ու իր ՀՀԿ-ական տերերը, մեծահոգի «ըմբռնման» սահմաններում չի տեղավորվում, որքան էլ որ բարի կամք դրսեւորենք։ Թե ինչ եւ ինչպիսի միջազգային հեղինակություն ուներ մեր երկիրը ՀՀԿ-ականների օրոք, չարժե ավելորդ ժամանակ վատնել, կամ ինչպես կասեր Հրայր Թովմասյանը՝ «մսխել» ու հիշեցնել, որովհետեւ, բարեբախտաբար, Հայաստանի քաղաքացիները չեն մոռացել։ Եվ եթե նույնիսկ մոռանային, առավել կարեւոր է, որ այդ նույն Հայաստանի քաղաքացիները չեն մոռացել, մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող մոռանալ, թե ի՛նչ ու ինչպիսի հեղինակություն ունեին Հրայր Թովմասյանն ու իր տերերը բուն Հայաստանում, որովհետեւ այս նույն նախկիններն ամեն օր ու ամեն ժամ իրենց ամբարտավանությամբ, լկտի սպառնալիքներով եւ նենգ ու ստոր, երբեմն նույնիսկ սահմանից այն կողմ գտնվող հակառակորդի գործելակերպով հիշեցնում են, թե ովքեր էին իրենք նախկինում եւ ինչերի են ընդունակ այսօր, առավել եւս՝ ապագայում, եթե սրանց նման հնարավորություն տրվի։

Բայց արժե՞ր այսքան լրջացնել։ Երեւի՝ ոչ։ Ավելի լավ է փորձենք գուշակել, թե առաջիկա հարցազրույցներում է՛լ ինչ կարող է ասել Հրայր Թովմասյանը։ Հավանաբար կասի, որ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների սրման հիմնական պատճառն իր թանկագին անձի նկատմամբ դաժան հետապնդումներն են, կամ որ՝ Ֆրանսիայում հաճախակի գործադուլներ են անում հուսահատությունից, որովհետեւ ձեռքները չի հասնում Հայաստան, որ օգնեն Թովմասյան Հրայրին անողոք իշխանության հալածանքներից։

Կամ էլ... Օֆֆֆ, եսիմ է՛։