24.01.2020 16:22

Երուսաղեմում Մակրոնը փորձել է քշել իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցներին

Երուսաղեմում Մակրոնը փորձել է քշել իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցներին

Guardian-ը և  աշխարհի մի շարք այլ լրատվամիջոցներ ուշադրություն են դարձրել այն միջադեպին, որը նախօրեին տեղի է ունեցել Երուսաղեմում, երբ Իսրայելում այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Հին քաղաքում մտնելիս է եղել  Սուրբ Աննայի եկեղեցի:

Le Parisien-ի լրագրողների նկարահանած տեսաերիզում երևում է, թե ինչպես է Մակրոնը բավական կոշտ տոնով խնդրում Իսրայելի անվտանգության աշխատակիցներին, որոնք նրան ուղեկցում էին Երուսաղեմում զբոսանքի ժամանակ, հեռանալ եկեղեցուց:

XII դարում խաչակիրների կառուցած եկեղեցին համարվում է ֆրանսիական տարածք, և դատելով ըստ ամենայնի՝ Մակրոնին դուր չի եկել, որ անվտանգության աշխատակիցները փորձել են ներս մտնել:

Նույնպիսի միջադեպ տեղի է ունեցել 1996 թ. Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ: Երկու նախագահներն էլ իսրայելական անվտանգության աշխատակիցների գործողությունները սադրիչ են համարել:

Որոշ աղբյուրներ պարզաբանում են, որ Սուրբ Աննայի եկեղեցին ներսում պահպանում են ֆրանսիական անվտանգության ուժերը, և, ըստ երևույթին՝ Մակրոնին դուր չի եկել, որ իսրայելական անվտանգության ուժերն իրենց տեր ու տիրական են զգում Արևելյան Երուսաղեմում, որը Արևմուտքը համարում է օկուպացված պաղեստինյան տարածք:

Փոխանցում է BBC-ն: