27.01.2020 11:32

Ձայնագրություն. Թրամփը կարգադրում է պաշտոնից հեռացնել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանին

Ձայնագրություն. Թրամփը կարգադրում է պաշտոնից հեռացնել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանին

2018 թ. Դոնալդ Թրամփը կարգադրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին հեռացնել պաշտոնից. դա ակնհայտ է դարձել այն տեսաձայնագրությունից, որն արվել է մի խումբ հովանավորների հետ ամերիկյան նախագահի ճաշկերույթի ժամանակ:

Յովանովիչը, որ ետ է կանչվել 2019 թ. մայիսին, վերջերս ցուցմունք է տվել կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախագահ Թրամփի իմպիչմենտի գործով լսումների ժամանակ:

Տեսաձայնագրությունը, որը հրապարակվել է շաբաթ օրը, 2018 թ. ապրիլի 30-ին բջջային հեռախոսով կատարել է ամերիկացի գործարար և Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի գործընկեր Իգոր Ֆուրմանը: Տեսաձայնագրությունը Սենատին է փոխանցել սկանդալի ևս մի դերակատարի՝ Լև Պառնասի փաստաբանը, որը նույնպես ներկա է եղել ճաշկերույթին:

Ձայնագրության մեջ լսելի է Պառնասի խոսքը, որը Կիևում ամերիկյան դեսպանին բնութագրում է որպես «ամենամեծ խնդիրը»: Յովանովիչի անունը չտալով՝ նա ասում է. «Մի խոսքով, այդ կինն ամեն տեղ հայտարարում է՝«Համբերեք, նրան իմպիչմենտ են հայտարարելու, համբերեք»»:

Այնուհետև լսվում է նախագահի ասածը. «Ազատվե՛ք դրանից, վաղը ևեթ քշեք դրան: Ինձ համար մեկ է, բայց հենց վաղը քշեք դրան: Օքե՞յ: Կատարե՛ք»:

Փոխանցում է BBC-ն: