27.01.2020 13:05

Չինաստանը զգուշացնում է՝ մահացու կորոնավիրուսն ավելի վտանգավոր է դառնում

Չինաստանը զգուշացնում է՝ մահացու կորոնավիրուսն ավելի վտանգավոր է դառնում

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ 2019-nCoV կորոնավիրուսն ավելի ու ավելի արագ է կատարելագործում մարդուց մարդու փոխանցվելու ունակությունը, ուստի վարակվածների թիվը կաճի:

Վերջին տվյալներով՝ վարակվածների թիվն արդեն անցնում է երկու հազարից: Երկուշաբթի առավոտվա դրությամբ՝ մահացածների թիվն անցել է 80-ից:

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար Մա Ցզյաովեյը Պեկինում մամլո ասուլիսում հայտարարել է, որ կորոնավիրուսի բնույթի մասին դեռ շատ քիչ բան է հայտնի, ու դժվար է կռահել, թե ինչ ռիսկեր գոյություն ունեն՝ կապված դրա մուտացիայի հետ: Նա հավելել է, որ վարակի ինկուբացիոն շրջանը 14 օր է, բայց վարակակիրները կարող են այն փոխանցել ուրիշ մարդկանց նույնիսկ ինկուբացիոն շրջանում: Դա նշանակում է, որ հիվանդության կրող կարող են լինել մարդիկ, որոնց մոտ ոչ մի ախտանիշ չի դրսևորվել: Իսկ այդ դեպքում դրա դեմ պայքարելն անհամեմատ դժվար կլինի:

Փոխանցում է BBC-ն: