27.01.2020 18:04

Լիզա Ճաղարյան. Սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում

Լիզա Ճաղարյան. Սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում

Հայտնագործություն չի ասածս. Ֆեյսբուքը հասարակության բոլոր շերտերի հայելին է։

Գրում են գրեթե բոլորը։ Գրագետներն էլ, տառերի կեսը մի կերպ իրար կապողներն էլ, մտավորականներն էլ, արվեստագետներն էլ, բժիշկներն ու ուսուցիչներն էլ, բանվորներն ու մատուցողներն էլ, սրիկաներն ու թափթփուկներն էլ, «բեսեդկայում» կամ «պաձյեզդի» դռանն իրենց օրը պպզած մթնեցնողներն էլ։

Ազատ, անկախ, անծայրածիր տարածք է, որտեղ պոեզիա ու արձակ են «վերլուծում» վերջին անգամ չորրորդ դասարանում Թումանյանի «Շունն ու կատուն« գիրքը բացած ու կիսատ կարդացածները, կերպարվեստի մասին դատողություններ են անում Լենինի արձանի պատվանդանի մարմարի որակի «գիտակները», փիլիսոփայում են «ֆիլոս սոկրատները», յոթհարկանի հայհոյանքներ են տալիս օջախի սրբության եւ ավանդույթների պահպանման համար դոշ տվող կանայք ու տղամարդիկ...

Իսկ քաղաքականությունը, դե՛, հացուպանրի պես մի բան է՝ հասանելի ու հասկանալի է բոլորին, եւ հենց այստեղ էլ աղբաջուրը սելավ է դառնում։

Շատերը (ես էլ իրենցից մեկը) հաջողել են հնարավորինս իրենց ցանկալի միջավայրը ստեղծել այս Սոդոմ-Գոմորում եւ չտեսնել ու չկարդալ այն աղբաջուրը, որ հորդում է զանազան էջերից եւ որոշակի մարդկանց «տնամերձներից»։

Ցավոք, մասնակիորեն է հաջողվում։ Իսկ մասնակիորեն է հաջողվում, որովհետեւ կայքերի պատասխանատուներից շատերը չեն զլանում այդ աղբաջրով «օծել» նաեւ իրենց լրատվամիջոցների էջերը։ «Չեն զլանում»-ն, ի դեպ, շատ մեղմ բնորոշում էր, ակնհայտորեն հաճույքից հալվում են։

Սրանցի՛ց էլ ենք (եմ) հիմնականում խուսափում, բայց երկու կամ երեք կայքն էլ լիուլի բավարար է՝ վստահաբար փաստելու համար, որ գարշահոտ արձակող, սուտ ու կեղծիք տարածող կայքերը գլխավորապես իրենք իրենց ընդդիմադիր կամ անկախ հորջորջող լրատվամիջոցներն են, իսկ իրականում՝ նախկինների «նվիրյալ» սազանդարներն են։ Սրանք շատ հաճախ, գրեթե միշտ՝ այնպիսի գրառումներ են տարածում եւ գովազդում, որոնց հեղինակներին կա՛մ նորմալ երկրում անմիջապես պատասխանատվության կկանչեին ակնհայտ ահաբեկչական կոչերի եւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների համար, կա՛մ հոգեբույժ կհրավիրեին՝ վերջին ստադիայում գտնվող պացիենտին ու «սպիտակ տենդի» ճիրաններում հայտնված զազրախոսին առաջին օգնություն ցույց տալու ակնկալիքով, կա՛մ դատարանի դուռը կհասցնեին լկտի ու անամոթ կեղծիքներ տարածելու համար։

Եվ, ո՜վ զարմանք, հենց այս աղբը տարածողները, սրանց ստնտուներն ու սրանց «աջակիցներն» են օրուգիշեր մինչեւ երկինք աղաղակում, որ վիճակն անկառավարելի է, որ երկիրը քաոսային անդունդի հատակին է, եւ որ իրենց ահաբեկում են, սպառնում են, կոտորում են, խոշտանգում են։

Սա նույնն է, որ մեկը ծխախոտի ծուխը փչի դիմացինի դեմքին ու սկսի աղիողորմ բողոքել, որ ծխից խեղդվում է։

Բայց դժվա՞ր է վերհիշել, թե քսան տարի շարունակ պետության ու մեր վզին նստած քրեապախանական իշխանություններն ինչ «արժեքներ» են մատուցել այս հասարակությանը եւ ուշադրություն դարձնել ու տեսնել, թե օրվա ամենակարկառուն զազրախոսներին ու սանձարձակ լպիրշներին ո՛ր քաղաքական ուժերն են թեւ տալիս։

Ամենեւին դժվար չէ, ընդամենը ցանկություն է պետք։

Եվ վերջապես, ինչու՞ հանկարծ ֆեյսբուքյան սանձարձակության թեման դարձավ «հայկական հարց» հե՛նց հեղափոխությունից հետո։ Մինչ այդ սեր ու հանդուրժողականությու՞ն էր թեւածում ցուկերբերգյան երկնակամարում։

Ամենեւին։

Նույն վիճակն էր։ Ավելին, նախկին հանցագործ իշխանությանը օգտատերերն առավել ջանասիրությամբ էին նզովում մի՛նչ հեղափոխությունը, որովհետեւ հույսը չնչին էր, որ մի օր այդ հանցախմբից երկիրը թոթափելու է իր ուսերը, եւ միակ մխիթարանքն իրերն իրենց անուններով կոչելն էր մնացել։

Երբ իշխանության ղեկին էին սրանք՝ հղփացածությունից ու անպատժելիության զգացումից այնպես էին կուրացել, որ չէին տեսնում այդ ատելությունը։ Կամ եթե նույնիսկ տեսնում էին, ուղղակիորեն թքա՛ծ ունեին ե՛ւ այդ ատելության, ե՛ւ ատելության հեղինակ հասարակության վրա։

Միով բանիվ, ռոբասերժական ավազակախմբի եւ սրանց ստվերային «դուստր ձեռնարկությունների» քաղաքական շահարկման առաջնային թեմաներից մեկն էլ ֆեյսբուքյան գրառումներն են դարձել «խեղդվողը շյուղից էլ է կախվում» շատ պարզ բացատրությամբ։

Այնպես որ, կարիք չկա տրվելու վերահաս «արմագեդոնի» մասին «փրկարար» շյուղի հյուսին մնացածների զավեշտալի եւ «իրեք մանեթանոց» վայնասունին։

Հայաստանի հանրությունն ունի ե՛ւ հպարտանալու բազմաթիվ հիմքեր, ե՛ւ ամաչելու գրեթե նույնքան պատճառներ, ունի ե՛ւ մարդասերներ, ե՛ւ մարդակերներ, ունի ե՛ւ պոետներ, ե՛ւ ոտանավորչիներ, ունի ե՛ւ քաղաքական գործիչներ, ե՛ւ փանջունիներ, եւ այսպես շարունակ։ Եվ սրանով առանձնապես չի տարբերվում ողջ աշխարհի հանրությունից։

Ավելի լավ է՝ էժանագին բայաթիներով ականջներս սղոցելու փոխարեն, յուրաքանչյուրը թող իր տնամերձը մաքուր պահի։