28.01.2020 11:36

Տեսակետ ունենալն ու հայտնելը պարտադիր է

Տեսակետ ունենալն ու հայտնելը պարտադիր է

Շաբաթ օրը Կապանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցին՝ Արցախի նախագահի թեկնածուներին կոչ է արել կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՀ նախկին իշխանությունների կողմից թողնված ժառանգության վերաբերյալ: 

Մասնավորապես, Փաշինյանն ասել է, թե իր իշխանությանը մեղադրում են այն բանում, որ կորցրել է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը բանակցություններում, եւ ներկայացրել է, թե ինչ ժառանգություն է ինքն ստացել Սարգսյանից:

Ապա հավելել է, թե որ պահին հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ցանկանա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի, ուստի Արցախի նախագահի բոլոր թեկնածուներին առաջարկել է ասել` իր ներկայացրած՝ Սարգսյանի թողած տեքստն իրենց համար ընդունելի է, թե ոչ:

«Թող հայ ժողովուրդն ու Արցախի ժողովուրդը ասի՝ ընդունելի է, թե ոչ: Եթե Արցախի ու Հայաստանի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանի այս կոչից հետո հայտարարություններով են հանդես եկել ԼՂՀ նախագահի թեկնածուներից 5-ը, որոնք ուղիղ կամ անուղղակիորեն հայտարարել են, որ դեմ են բանակցությունների սեղանին եղած նախկին փաստաթղթին:

Հայտարարություններով են հանդես եկել թեկնածուներ Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Հայկ Խանումյանն ու Վահան Բադասյանը:

Այս ամենն, ինչ խոսք, շատ լավ է, եւ նախագահի թեկնածուները պետք է ընտրություններից առաջ իրենց տեսակետներն ու մոտեցումները ներկայացնեն բանակցությունների վերաբերյալ, որպեսզի հանրությունը իմանա, թե ով ինչպես է պատկերացնում հիմնախնդրի կարգավորումը:

Հարցն այն է, սակայն, որ նույն բանը պետք է անի նաեւ ինքը՝ վարչապետ Փաշինյանը: Ընդ որում՝ դա պիտի աներ դեռ 2018-ի հեղափոխությունից հետո, եւ հատկապես ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ: Եթե հիշում եք, Փաշինյանի ընդհանրական մոտեցումն այն է, թե ինչպես ժողովուրդը կորոշի, ինքն այդ ֆորմատով ու օրակարգով էլ կգնա բանակցությունների: Բայց նույնիսկ այդ դեպքում նա եւս պետք է իր մոտեցումը ներկայացնի: Ինքը կարող էր ընտրություններից առաջ ասել, որ իր մոտեցումն այս է եւ այս է, եւ եթե ստանում է քվեների մեծամասնությունը, ապա ստանում է նաեւ իր պատկերացրած օրակարգով բանակցելու մանդատ:

Եթե համարում է, որ դա բավարար չէ, եւ կամ իր պատկերացումները կարող են սխալ լինել կամ դրական չընկալվել, ապա այդ դեպքում էլ, միեւնույն է, պետք է ներկայացներ իր տեսակետները եւ մոտեցումները, հետո նոր հայտարարեր, ասենք՝ որ այդ մոտեցումների հարցում առանձին հանրաքվե կկազմակերպի՝ մանդատ ստանալ-չստանալու համար:

Փոխարենը, սակայն, վարչապետը բոլորին կոչ է անում ներկայացնել իրենց մոտեցումները, բայց ինքն իր մոտեցումների մասին լռում է: Իսկ լռությունը բազմանշանակ տպավորություն ստեղծելու սովորություն ունի․ ամեն մեկն այդ լռությունը կարող է հասկանալ իր պատկերացրած եղանակով, եւ երբ գա բաց խոսելու ժամանակը՝ հիասթափվել, թե՝ մեզ խաբել են:

Հասկանալի է, որ ԼՂ հիմնախնդիրը հայաստանյան եւ արցախյան քաղաքական դաշտի Աքիլեսյան գարշապարն է, այն ցավոտ կետը, որին գրեթե բոլորը վախենում են բաց մոտենալ ու բաց խոսել: Իսկ ավելի ճիշտ, շատ քչերն են քաջություն ունենում բաց խոսել, հիմնական մասը նախընտրում է մնալ պոպուլիզմի դաշտում: Որովհետեւ հասկանում են, որ այդ հարցում արտահայտած դիրքորոշումները կարող են դառնալ թե՛ հանրային մեծ աջակցության եւ թե՛ քաղաքական հարձակումների առիթ, եւ բնական է, որ քաղաքական գործիչների մեծ մասը նախընտրում է հեռու մնալ այդ նուրբ հարցից՝ թիրախ չդառնալու համար:

Բայց եթե գեղեցիկ պոպուլիզմ իրեն կարող է թույլ տալ ընդդիմադիրը, նույնը չի կարող անել իշխանությունը: Որովհետեւ իշխանությունը պատասխանատվություն է ստանձնել, պատասխանատվություն ունի չվախենալու արձագանքներից եւ բաց խոսելու անգամ ամենից ոչ պոպուլիստական հարցերի մասին:

Եւ ուրեմն, ճիշտ եւ ազնիվ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը, ուրիշներին կոչ անելուն զուգահեռ՝ ինքն էլ ներկայացնի իր մոտեցումները:

Էդուարդ Սարգսյան