29.01.2020 14:56

Փորձագետները՝ «դարի գործարքի» մասին

Փորձագետները՝ «դարի գործարքի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերձավորարևելյան կարգավորման իր նոր ծրագրով, որը անվանում է նաև «դարի գործարք», միայն վատթարացնում է պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը:

Նման կարծիք է հայտնել ԱՄՆ մի քանի պետքարտուղարների նախկին խորհրդական Ահարոն Դևիդ Միլլերը:

«Այդ խաղաղ պլանը նման է Թրամփի մյուս արկածախնդրություններին: Նա  հորինում է խնդրի լուծումը, որը չենք ունեցել, և արդյունքում՝ բուն խնդիրն ավելի է վատթարացնում»,- հայտարարել է նա:

Արտաքին քաղաքականության հարցերով մեկ այլ վերլուծաբանի՝ Eurasia Group միջազգային հետազոտական-խորհրդատվական ընկերության հիմնադիր և նախագահ Իեն Բրեմմերի կարծիքով՝ այդ, այսպես կոչված՝ «դարի գործարքը» միայն պաղեստինցիներին և իսրայելցիներին չի վերաբերում, այն կոչված է փոխելու աշխարհաքաղաքական իրավիճակն ամբողջ տարածաշրջանում:

«Պաղեստինի առաջնորդները հսկայական ճնշման կենթարկվեն արաբական աշխարհի կողմից՝ կամ համագործակցել և կրճատել իրենց կորուստները, կամ մնալ դատարկաձեռն»,- նշել է փորձագետը: Նրա կարծիքով՝ սա նախագահ Դոնակդ Թրամփի համար «դասական պլան է»: «Այդ հարցով նախորդ նախագահների գործողությունների պլանի ջախջախում: Անսասան քաղաքականություն՝ ուժի դիրքերից: Մերձավոր Արևելքի նոր աշխարհաքաղաքական իրականության ճանաչում: Իմպիչմենտի ամենաթեժ պահին՝ ներքին քաղաքական շահեր»,- նշել է Բրեմմերը:

Փոխանցում է tass.ru-ն: