29.01.2020 15:09

Թուրքիան քննադատում է ՔԲԿ անդամների դատական հետապնդումը մերժելու՝ Բելգիայի որոշումը

Թուրքիան քննադատում է ՔԲԿ անդամների դատական հետապնդումը մերժելու՝ Բելգիայի որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է Բելգիայի բարձրագույն դատական մարմինների որոշումը՝ մերժելու Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) 36 կողմնակիցների դատական հետապնդումը:

ԱԳՆ-ում նշել են, որ Բելգիայի Դաշնային դատախազությունը և Գերագույն դատարանը պաշտոնապես հաստատել են ՔԲԿ-ի հետ կապված 36 անձանց նկատմամբ դատական հետապնդումը դադարեցնելու՝ մեղադրական պալատի որոշումը:

«Բելգիայի իրավական մարմինների այդ որոշումը  ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակում ընդգրկված և ավելի քան 40 հազար թուրք քաղաքացիների, այդ թվում՝ կանանց և երեխաների սպանության համար պատասխանատու ՔԲԿ-ին աջակցելու դրսևորում է»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ:

Անկարայի կարծիքով՝ այդ որոշումն ավելի շուտ քաղաքական է, քան իրավական, և հակասում է ԵՄ-ի և հենց Բելգիայի օրենսդրության սկզբունքներին, խախտում է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ  ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, ինչպես նաև վկայում է, որ երկիրը չի կատարում միջազգային պարտավորություններն այդ բնագավառում, ինչը կարող է ընկալվել որպես ահաբեկչության խրախուսում:

Փոխանցում է ria.ru-ն: