29.01.2020 15:35

Լիզա Ճաղարյան. «Հանուն ինչի» հարցը պատասխան է ակնկալում

Լիզա Ճաղարյան. «Հանուն ինչի» հարցը պատասխան է ակնկալում

Եթե Հայաստանի քաղաքացիները Քոչարյան Ռոբերտի եւ Սարգսյան Սերժիկի իշխանավարության տարիներին նստած էին դաշույնների վրա, հեղափոխությունից հետո նստած են ասեղների վրա։

Այսինքն, իրո՛ք որ ահագին բան է փոխվել մեր երկրում. դաշույնը մահաբեր է, ինչը լիուլի տեսել ու «վայելել ենք» նախկինների բեսպրեդելի շրջանում, իսկ ասեղը կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես ծակծկում է շարունակ եւ անընդհատ հիշեցնում, որ իրավունք չունես հանգիստ ապրելու, հոգու խաղաղություն ակնկալելու, քո ցանկացած գործով զբաղվելու կամ պարզապես քնելու՝ առանց ձեռքդ անզորությունից սեղանին խփելու ու գլխացավի կամ սրտացավի հաբ ընդունելու։

Չէ, այն միամիտներից կամ դեղնակտուցներից չենք, որ մտածենք՝ հանցագործները գահից գլորվեցին, եւ դրանից հետո հեղափոխական իշխանությունը սկուտեղի վրա մեզ հեքիաթ էր մատուցելու, մենք էլ հորանջելով ուտելու էինք երկնքից ընկած երեք խնձորը։

Սպասվում էր, որ միլիարդներ ու միլիոններ թալանած, բազմաթիվ սպանությունների ծանրության տակ ճկռած, ինքնիշխան պետությունը ֆորպոստի վերածած նախկիններն ամեն գնով պայքարելու են սեփական կաշին փրկելու համար, բայց՝ այսչափ անպատժելի ու սանձարձա՞կ։

Սպասվում էր, որ հասարակությունը դեռ անքուն եւ անհանգիստ օրեր է մթնեցնելու՝ սրանցից յուրաքանչյուրին իր արժանի տեղում տեսնելու եւ հանգիստ շունչ քաշելու սահմանագիծը հատելու եւ ապագան ուրվագծելու համար, բայց որեւէ մեկը նշմարու՞մ է այդ սահմանագիծը։

Արդարացվա՞ծ է անվերջանալի թվացող նյարդային այս գերլարվածության անտանելի եւ սրտամաշ բեռը, որ դրվել է Հայաստանի քաղաքացու ուսերին։

Պատրա՞ստ է կամ ի վիճակի՞ է հասարակությունը կրելու այդ բեռը։

Միանգամից ինքս ինձ հակադարձեմ, որ Հայաստանի հասարակությունը ե՛ւ պատրաստ է, ե՛ւ ի վիճակի է ցանկացած բեռ պատվով տանելու իր ուսերին, եթե ստեղծված իրավիճակն արդարացված է, եւ գիտակցում ու տեսնում է, թե հանուն ինչի է քարշ տալիս այդ բեռը։

Ասվածի անհերքելի վկայությունների համար «հին-հին դարերի» խորքերը չգնանք եւ բավարարվենք միայն Հայաստանի նորագույն պատմությամբ։ 88-ականներին անչափելի զրկանքներ կրեցինք ու թանկագին կորուստներ ունեցանք հանուն Արցախի ազատագրության եւ Հայաստանի անկախության, քսան տարի շարունակ փողոցներում, հրապարակներում ու բանտախցերում չհուսահատվող քաղաքացիները պայքարեցին, որ երկիրն ազատեն հանցագործ ավազակախմբից, եւ գուցե հուսահատության պահեր ապրում էինք նույնիսկ, բայց հո գիտեի՞նք թե՛ հուսահատության եւ թե՛ ոգեւորության պատճառները հանուն ինչի են։

Հիմա հանուն ինչի՞ ենք ենթարկվում այս ամենօրյա ջղաձիգ փորձություններին։ Որովհետեւ Հայաստանի իշխանությունն իր բարձրաձայնած ոչ մի գործ ավարտին չի՞ հասցնում, եւ ստիպված ենք լինում ամեն օր «ըմբոշխնել» նախկինների ամբարտավան, լկտի ու անսանձ հեգնանքը եւ արնախում լպիրշության բոլոր սահմանները հատած կենդանական հրճվա՞նքը։

Թե՞ նոր իշխանությունը վստահ է, որ ցանկացած պահի, երբ նախկինները վտանգ ներկայացնեն՝ հասարակությունը մեկ մարդու պես ծառս կլինի եւ ավազակախմբին կրկին իր տեղը կնստեցնի։

Այս մտայնությունն ազնի՞վ կեցվածք է այն նույն հանրության նկատմամբ, որի ուսերին իշխանության հասան իմքայլականները, թե՞, շատ կոպիտ ասած՝ իշխանության հանդեպ անասելի ազնիվ տրամադրված, իշխանության հաջողություններն անկեղծորեն ողջունող հանրության սպասումների, վախերի եւ հույսերի հաշվենկատ շահագործում է։

Մտածեք, պարոնայք եւ տիկնայք իշխանավորներ։

Հանրությունն, անկասկած, ոտքի կկանգնի նախկինների դեմ ցանկացա՛ծ պահի, ոչ միայն ոտքի կկանգնի՝ նաեւ կուղարկի այնտեղ, որտեղ վաղուց ի վեր պետք է գտնվեին, բայց «հանուն ինչի՞» հարցի անպատասխանությունն իր խոր հետքն է թողնելու ներկա իշխանության հետագա քաղաքական գործունեության վրա, եւ մի օր էլ ինքներդ ձեզ ստիպված եք լինելու խոստովանել, որ այդ «հանուն»-ի շրջանակից դուրս եք մնացել։

Հուսանք, այս վերջին տողերը ներկա իշխանությանը դառը քմծիծաղով հիշեցնելու կարիք չի զգացվի։