29.01.2020 17:07

Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ II-ը ճանաչել է իր արտամուսնական դստերը

Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ II-ը ճանաչել է իր արտամուսնական դստերը

Ալբերտ II արքան երկար դատավարությունից հետո, ի վերջո, ճանաչել է իր արտամուսնական դստերը՝ Դելֆինա Բոելին:

Առաջին անգամ միապետի արտամուսնական զավակի մասին հայտնի էր դարձել 20 տարի առաջ: Պարզվել էր, որ անցյալ դարի 60-ական թթ. Ալբերտ II-ը, այն ժամանակ՝ դեռևս արքայազն, կապ էր ունեցել դքսուհի Սիբիլլա դե Սելիս Լոնգշամի հետ, որը աղջիկ էր ծնել: Սակայն ապագա միապետը այն ժամանակ երեխային չէր ընդունել:

Հիմա Դելֆինա Բոելը 51 տարեկան է: Ալբերտ II-ի շահերը ներկայացնող փաստաբանի խոսքով՝ նա կարող է, թագավորի մյուս զավակների հետ հավասար, հավակնել ժառանգության մի մասին:

Պաշտոնական տվյալներով՝ արքայի կարողությունը հասնում է 12,4 մլն եվրոյի: Ընդ որում՝ բելգիական լրատվամիջոցներից մի քանիսը նշում են, որ իրականում այդ թիվը շատ ավելի մեծ կարող է լինել:

Ալբերտ II-ը զուտ ձևականորեն է կրում արքայի տիտղոսը: Դեռ 2013 թ. նա գահը փոխանցել է իր ավագ որդուն՝ Ֆիլիպին: Հենց այդ պատճառով էլ նա կորցրել է դատական իմունիտետը, ինչն էլ նրա արտամուսնական դստերը թույլ է տվել դատարանի միջոցով  հաստատել իր իրավունքները:

Փոխանցում է euronews-ը: