30.01.2020 13:40

Սպիտակ տունն սպառնացել է արգելել Ջոն Բոլթոնի հուշագրության հրատարակումը

Սպիտակ տունն սպառնացել է արգելել Ջոն Բոլթոնի հուշագրության հրատարակումը

ԱՄՆ վարչակազմը կարող է արգելել ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի նոր գրքի հրապարակումը, եթե նախկին պաշտոնյան չհրաժարվի գրքից հանել այնպիսի դրվագներ, որոնք գաղտնի տեղեկություններ են պարունակում:

Բոլթոնի փաստաբան Չաք Քուփերի անունով ստացված նամակում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ գրքում «կան չափազանց գաղտնի նյութեր», որոնց հրապարակումը կարող է սպառնալ երկրի ազգային անվտանգությանը: Նամակում, սակայն, չի նշվում, թե հատկապես ո՛ր դրվագների մասին է խոսքը:

Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ կատարվում էր ամեն ինչ. հուշեր Սպիտակ տան մասին» վերնագրված նոր գիրքը լույս է տեսնելու ԱՄՆ-ում մարտի 17-ին: Անցյալ հանգստյան օրերին New York Times թերթը գրել էր, որ գրքում ասվում է, թե Դոնալդ Թրամփն անձամբ է հանձնարարել սառեցնել Ուկրաինայի  391 մլն դոլարի ռազմական օգնության ծրագիրը՝ խոստանալով այն վերսկսել միայն ի պատասխան 2020 թ. ընտրություններում իր հավանական մրցակից, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ սկսված հետաքննության:

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ Ջոն Բոլթոնի հետ իր բոլոր խոսակցություններն՝ առանց բացառության, «հույժ գաղտնի» են: Իր Twitter-ում Սպիտակ տան ղեկավարը գրել է՝ «եթե ես նրան լսեի, ապա հիմա մենք արդեն Վեցերորդ համաշխարհային պատերազմի մեջ էինք լինելու»:

Փոխանցում է BBC-ն: