30.01.2020 14:19

BBC-ն լուրերի բաժնում 450 աշխատատեղ կկրճատի

BBC-ն լուրերի բաժնում 450 աշխատատեղ կկրճատի

BBC-ն հայտարարել է BBC News բաժնում 450-ի կարգի աշխատատեղեր կրճատելու մասին՝ մինչև 2022 թվականը 80 միլիոն ֆունտ (103 մլն դոլար) տնտեսելու ռազմավարության շրջանակներում:

Կրճատումների այս ալիքը չի սպառնում BBC-ի Համաշխարհային ծառայության օտարալեզու բաժիններին, հայտնել է BBC News-ի ղեկավար Ֆրեն Անսվորթը: Բոլոր կրճատումները կվերաբերեն BBC News-ին՝ Բրիտանական հեռահաղորդակցության ընկերության բաժանմունքին, որը նորություններ և ընթացիկ իրադարձություններ է լուսաբանում:

Ներկա դրությամբ BBC News-ում աշխատում է 6 հազար մարդ, այդ թվում՝ 1,7 հազար լրագրողներ, որոնք աշխատում են Մեծ Բրիտանիայից դուրս, և կրճատումներից հետո բաժանմունքի բյուջեն կկազմի տարեկան 480 մլն ֆունտ (մոտավորապես 625 մլն դոլար):

Հաստիքակազմի կրճատումներին զուգահեռ՝ BBC-ի նորությունների բաժանմունքում տեղի կունենան նաև կառացվածքային փոփոխություններ, ըստ այդմ, Անսվորթի խոսքով՝ նոր կառույցում տարբեր բաժիններ և ծրագրեր ավելի քիչ կկրկնեն միմյանց աշխատանքը, բացի այդ՝ մեծ ուշադրություն կհատկացվի թվային կոնտենտին՝ ավանդական հեռուստատեսային և ռադիոհաղորդումների փոխարեն: Ընդ որում՝ հաստիքակազմի կրճատումը և կառուցվածքային փոփոխությունները նաև նշանակում են, որ կկրճատվեն այն թեմաները, որոնք սովորաբար BBC-ն լուսաբանում է: