31.01.2020 12:04

ԱՀԿ-ն միջազգային արտակարգ դրություն է հայտարարել

ԱՀԿ-ն  միջազգային արտակարգ դրություն է հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային արտակարգ դրություն է հայտարարել՝ Չինաստանում բռնկված կորոնավիրուսի կապակցությամբ:

«Ես միջազգային արտակարգ դրություն եմ հայտարարում հանրային առողջապահության ոլորտում՝ կորոնավիրուսի համատարած բռնկման կապակցությամբ»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբեյսուսը:

Որոշումը կայացվել է հինգշաբթի Ժնևում, կազմակերպության արտակարգ իրավիճակների հանձնաժողովում:

Չինաստանում մահերի թիվը հասել է 213-ի, գրեթե 10 հազար մարդ վարակված է: ԱՀԿ-ն տեղեկացրել է, որ 18 այլ երկրներում հայտնաբերվել է 98 հիվանդ, սակայն մահացու դեպքեր չեն եղել:

ԱՀԿ-ի դասակարգման համաձայն՝ արտակարգ դրություն են համարվում «այն յուրահատուկ դեպքերը, որոնք առողջապահության ոլորտում ռիսկ են պարունակում այլ պետությունների նկատմամբ» և «առավելագույնը պահանջում են միջազգային հանրության համակարգված գործողությունները»:

 Ընդ որում՝ կազմակերպությունը առաջարկում է վարակի պատճառով չսահմանափակել մարդկանց և ապրանքների տեղաշարժը: ԱՀԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կարելի է կասեցնել, եթե աշխարհի երկրները միջոցներ ձեռք առնեն վարակի տարածման վաղ շրջանում, մեկուսացնեն հիվանդներին և հսկողություն սահմանեն նրանց շփումների նկատմամբ:

Փոխանցում է BBC-ն: