01.02.2020 14:33

Վահրամ Աթանեսյանը Սեյրան Օհանյանին հարց ունի. Առավոտ

Վահրամ Աթանեսյանը Սեյրան Օհանյանին հարց ունի. Առավոտ

«Ուզում է ասել՝ բանակցում էինք բանակցելո՞ւ համար: Եվ որքա՞ն էին մտադիր բանակցել`բանակցելու համար: Սա լուրջ չէ: Մանավանդ, որ Սերժ Սարգսյանը հրապարակային ասել է, որ պատրաստ էր Կազանում ստորագրել փաստաթուղթ, բայց Ալիեւը տապալեց համաձայնությունը».

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:

 – Նախօրեին կայացել է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը տեւեց յոթ ժամ եւ հաջորդ օրը կրկին շարունակվեց: Կողմերը դեռ հայտարարություններ կանեն, որոնք կվերլուծվեն, հետեւությունների կհանգենք: Բայց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հանդիպման ավարտից հետո ասել էր. «…հանդիպման անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»: Ապա Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը Twitter-ում գրառում էր կատարել. «Կողմերը եւ համանախագահները հանդես են գալիս բանակցություններն ակտիվացնելու եւ բանակցություններում [քննարկված] բոլոր հարցերում շոշափելի արդյունքների հասնելու օգտին»: Հայտնի է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը եւ վարչապետն էլ հայտարարել է`որեւէ փաստաթուղթ բանակցային սեղանին չկա: Հետեւաբար, խաղաղ կարգավորման ի՞նչ լայն շրջանակի մասին է խոսքը, ըստ Ձեզ: Կամ ինչպե՞ս են ջանում բանակցություններն ակտիվացնել, երբ հայկական կողմը հայտարարում է, որ բանակցություններ չկան:


– Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան երկօրյա հանդիպումներն, իմ կարծիքով, նպատակաուղղված են Փաշինյան-Ալիեւ բանակցությունների նախապատրաստմանը: Վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանն այդ հավանականությունը չբացառեց: Չեմ կարծում, թե կողմերը կբացեն փակագծերը, բայց եթե Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպվի, կնշանակի, որ բանակցային գործընթացի շարունակականությունը, գոնե տեսանելի ապագայի կտրվածքով, ապահովվում է:

 – Բավական մեծ վրդովմունքի տեղիք տվեց նաեւ այն փաստը, որ ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ, Ադրբեջանում տեղի էր ունենում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հանդիպումը «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ`դեսպանի նախաձեռնությամբ: Դա պատահականությո՞ւն էր, զուգադիպությո՞ւն, թե՞… Ինչո՞ւ Ադրբեջանին տասնամյակներ շարունակ չէր հաջողվում այդ համայնքին գործոն դարձնել, հիմա` հաջողվում է:

– Ավելի վաղ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն էր նման քննարկում նախաձեռնել: Տպավորություն ունեմ, որ դա հայկական կողմի վրա դիվանագիտական ազդեցության համար է արվում՝ կապված բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածության մասին վարչապետ Փաշինյանի նախաձեռնության հետ: Միջնորդներն ակնարկում են, որ այդ դեպքում հարկ կլինի լսել նաեւ «ԼՂ ադրբեջանական համայնքի» տեսակետը: Նախկինում Հայաստանը բանակցություններին Արցախի մասնակցության հարցը շոշափում էր, բայց այլ տոնայնությամբ: Բայց տարածաշրջանային այցերի ժամանակ համանախագահները Բաքվում պարբերաբար հանդիպում էին նաեւ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին:

-«Լուծում գտնելու համար մենք ջանքեր ենք գործադրում: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժերն ու ջանքերը, մենք այդ հարցը կլուծենք: Այս տարի նույնպես Ղարաբաղյան հարցին կարեւորություն ենք տալու»,- երեկ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Նկատի ունենալով տարածաշրջանային իրողությունները, Թուրքիային կհաջողվի՞ գործուն դերակատարում ստանձնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել`ապրիլյան պատերազմը եղել է ՌԴ-ի գիտությամբ եւ թույլտվությամբ:

– Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ միշտ էլ ներգրավված է եղել ԼՂ հարցի կարգավորման մեջ: Չավուշօղլուն որեւէ նորություն չի ասել, թուրք-ադրբեջանական տանդեմը բազմիցս է փորձել խնդիրը տեղափոխել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների տիրույթ: Անձնապես տպավորություն ունեմ, որ Թուրքիան ներկայումս Ադրբեջանին մղում է դեպի հետխորհրդային տարածքում Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագծերի տիրույթ, իսկ Ալիեւն առայժմ երկմտում է: Նա մեծ կախվածություն ունի Արեւմուտքից: Իսկ Ռուսաստանը ԼՂ հարցում գործնական ոչինչ չի անի, եթե փոխարենը չստանա Ադրբեջանում ռազմական ներկայություն: Ապրիլյան պատերազմի մասին ես տեսակետ արտահայտել եմ թարմ հետքերով. ասել եմ, որ ժամկետային ծառայության զինվորների հերոսությամբ կանխվել է Հայաստանին «Ալեքսանդրապոլ-2» պայմանագրի պարտադրումը եւ շարունակում եմ մնալ նույն տեսակետին:

 – Հայաստանում դեռ շարունակվում է նախկինների եւ ներկաների վեճը`ազատագրված յոթ շրջանները վերադարձնելու մասին: Վերջերս, իր ասուլիսում, Նիկոլ Փաշինյանը`հղում անելով մամուլի հրապարակումներին, ասաց, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր վերադարձնել յոթ շրջանները` պայմանով, որ պահպանվում է Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ այդ փաստաթղթերը եղել են միայն բանակցելու համար եւ տարածքների հանձնման վերաբերյալ խոսակցություն իր հետ չի եղել: Բայց խնդիրն այն է, որ պաշտոնական Երեւանը չի հայտարարել մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին`տարածաշրջանային իրողությունների եւ հնարավոր զարգացումների արդյունքում:

– Ես հարց ունեմ պաշտպանության նախկին նախարարին՝ ի՞նչ է նշանակում՝ դրանք միայն բանակցությունների համար փաստաթղթեր էին: Ուզում է ասել՝ բանակցում էինք բանակցելո՞ւ համար: Եվ որքա՞ն էին մտադիր բանակցել` բանակցելու համար: Սա լուրջ չէ: Մանավանդ, որ Սերժ Սարգսյանը հրապարակային ասել է, որ պատրաստ էր Կազանում ստորագրել փաստաթուղթ, բայց Ալիեւը տապալեց համաձայնությունը: Կան արձանագրված իրողություններ, խուսանավելու հարկ չկա: Գործել է սկզբունք՝ եթե Ադրբեջանը ճանաչում եւ ընդունում է ԼՂ ազատ եւ լիակատար ինքնորոշման իրավունքը, ապա… Սա է եղել հայկական դիվանագիտության մոտեցումը: Փոխվե՞լ է այն: Կամ փոխելու անհրաժեշտություն եւ հնարավորություն կա՞: Այս հարցադրումները պետք է ներքին քննարկումների առարկա դառնան: Ցավոք, փոխադարձ մեղադրանքների եւ երկուստեք պոպուլիստական հայտարարությունների ենք ականատես, ինչից, բնականաբար, փորձում են շահ քաղել թե Թուրքիան ու Ադրբեջանը, թե նաեւ միմյանց հետ սուր մրցակցության մեջ գտնվող միջնորդները:

– Նիկոլ Փաշինյանը թեեւ չի ներկայացրել հարցի կարգավորման վերաբերյալ իր մոտեցումը, բայց պահն օգտագործեց եւ Արցախի նախագահի թեկնածուներին մարտահրավեր նետեց իրենց տեսակետը ներկայացնելու համար: Վերջիններս էլ արձագանքեցին: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով դա արվեց:

– Պետք է անկեղծ լինել. երբ 1998-ին իշխանափոխություն եղավ, Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ կերպ նորերին խոչընդոտելու կամ հեղինակազրկելու փորձ չարեց, թեեւ առիթներ կային: Նա կարող էր ջախջախիչ քննադատության ենթարկել, ասենք, Քի-Ուեսթի կամ Կազանի փաստաթուղթը, բայց ոչ միայն չգնաց դրան, այլեւ որոշակի աջակցություն ցուցաբերեց, որպեսզի գործող իշխանությունը փորձի գտնել հանգուցալուծում: Երբ 2018-ին Փաշինյանը եկավ իշխանության, նախկինների առաջին քարոզչահնարքն այն էր, որ դա «Արցախը ծախելու ծրագիր է»: Եվ Փաշինյանը ստիպված էր հակադարձել, բացել որոշ խորհրդապահական պահեր: Կապանում նրա ասածը ես հասկանում եմ այնպես, որ կա կարգավորման հայեցակարգ, եկեք դա պայմանականորեն անվանենք այսպես՝ «տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի եւ հետաձգվող հանրաքվեի դիմաց»: Վարչապետը փաստացի ասաց, որ կամ պետք է առաջ շարժվել այդ ուղղությամբ, կամ փորձել փոխել կարգավորման տրամաբանությունը եւ դիմեց Հայաստանի քաղաքական ուժերին, Արցախի նախագահի թեկնածուներին: Ստեփանակերտից հնչած արձագանքները միանգամայն օրինաչափ էին: Այլ կերպ չէր կարող լինել: Արցախում վաղուց «մադրիդյան սկզբունքները» չեն ընդունվում: Հայաստանի քաղաքական ուժերը կամ լռեցին, կամ դիմեցին մանիպուլյացիաների: Ցավալի է, երբ համապետական կարեւորության այդ հարցը դարձնում են ներքաղաքական մրցակցության առարկա: Իմ ընկալմամբ, կա ներհայկական քննարկումների անհրաժեշտություն:

Զրույցը` Նելլի Գրիգորյանի

«Առավոտ» օրաթերթ