03.02.2020 15:03

«Սկզբունքային տարաձայնություննե՞ր», թե՞ պալատական հեղաշրջում

«Սկզբունքային տարաձայնություննե՞ր», թե՞ պալատական հեղաշրջում

1998 թվականի փետրվարի 3-ին «իշխանության հայտնի մարմինների պահանջով» հրաժարական է տալիս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Չնայած որ դեռևս այդ օրերին Հայաստանում ստեղծված իշխանական ճգնաժամն ու նախագահի հրաժարականն արդեն իսկ գնահատվում էին որպես «պալատական հեղաշրջում», այնուամենայնիվ, նույնիսկ այդ օրերից 22 տարի անց, տարբեր շրջանակների կողմից (որոշ դեպքերում` միամտաբար) տվյալ ճգնաժամի պատճառ շարունակում են համարվել «իշխանության թևերի միջև արցախյան հարցում սկզբունքային տարաձայնությունները»: «Մոռացության» է տրվում նաև այն կարևոր հանգամանքը, որ նախագահ Տեր-Պետրոսյանը հենց իր հրաժարականի տեքստում էր նշում, որ «իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր»։ Ինչևէ:

Այժմ, հիմք ընդունելով արցախյան հարցում «սկզբունքային տարաձայնությունների» վարկածը, տեսնենք, թե որոնք էին այդ օրերին «իշխանության հայտնի մարմինների» կողմից դրսևորված «սկզբունքային տարաձայնությունները,» և նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո որքանով նրանք պահպանեցին իրենց «սկզբունքայնությունը»:

Փոխզիջում և «տարածքների վերադարձ»

Չնայած որ 22 տարի առաջ, որպես փոխզիջում՝ ներկայումս Արցախի վերահսկողության տակ գտնվող որոշ շրջանների վերադարձը Ադրբեջանին ընկալվում էր որպես հայկական կողմերի ձեռքում գտնվող կարևոր գործիք, հետագա տարիներին մանիպուլյացիաների և կեղծ քարոզչությունների միջոցով այդ թեման սկսեց շահարկվել այն կոնտեքստում, թե, իբր, 1998 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ «սկզբունքային տարաձայնություններից» մեկը եղել է հենց «տարածքների հարցը»: Ամենաբարձր մակարդակներով հայտարարում էին, թե Տեր-Պետրոսյանը ուզում էր «հողերը հանձներ», իսկ իրենք չեն թույլատրել, որ դա տեղի ունենա: Քարոզչամեքենան այն աստիճանի էր/է մանիպուլյացիայի ենթարկում Արցախի հարցը, որ նույնիսկ «փոխզիջում» հասկացությունն էին/են նույնացնում դավաճանության հետ:

Քանի որ փոխզիջման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետները (խոսքը չաղավաղված տեսակետների մասին է) քիչ թե շատ հայտնի են, ներկայացնենք 1998 թվականի հունվարի 7-8-ին տեղի ունեցած անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Տեր-Պետրոսյանի տեսակետներին դեմ հանդես եկածների կողմից տարբեր տարիներին արտահայտած մտքերը` նույն փոխզիջման և տարածքների վերադարձի մասին:

Արկադի Ղուկասյան (1992-1997թթ. Արցախի ԱԳ նախարար, 1997-2007թթ.` Արցախի նախագահ): Խոսելով 1994 թվականի զինադադարից հետո առաջիկա բանակցությունների մասին՝  Ղուկասյանը հայտարարել է. «Բանակցությունները պետք է ուղղված լինեն 3 խնդիրների լուծմանը. ԼՂ կարգավիճակի որոշում, ՀՀ և ԼՂՀ ապաշրջափակում, Ղարաբաղի զորամիավորումների դուրս բերում Ադրբեջանի տարածքից» (աղբյուրը` Տ. Բալայան, «Ղարաբաղյան հիմնահարցը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ.»):

Վարդան Օսկանյան (1998-2008թթ. ԱԳ նախարար). «Եթե մենք ստանում ենք Ղարաբաղի` մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պիտի վերադարձնենք» (աղբյուրը` «P.S.» հաղորդաշար, 2001թ.):

Վազգեն Սարգսյան (ՊՆախարար, ապա` վարչապետ): Խոսելով փոխզիջման մասին՝ Վազգեն Սարգսայանը հայտարարում էր. «Ադրբեջանը, երբ այսօր բանակցություններ է սկսում, պիտի խոսի Աղդամի, Ֆիզուլու, մյուս շրջանների վերադարձման եւ այն մասին, թե ինչի է պատրաստ դրա դիմաց» (հարցազրույց «Առավոտ» օրաթերթին, 24.10.1997թ.):

Ռոբերտ Քոչարյան (1997-1998թթ․ ՀՀ վարչապետ, 1998-2008թթ․ դե ֆակտո նախագահ): «Այժմ յուրաքանչյուր կողմ կարող է բանակցություններից օգուտ ստանալ. Ադրբեջանը` տարածքներ, մենք` ԼՂՀ կարգավիճակի ճանաչում, իսկ մեր ժողովուրդները` խաղաղություն: Մենք չենք փորձում 1993 թվականին գրավված ադրբեջանական հողերը կցել ԼՂՀ-ին: Եթե մենք տարածքներ ենք գրավում, ապա զուտ ռազմական պատճառներով» («Сегодня», № 12, 1994թ.)

«Ինչ վերաբերում է մյուս տարածքներին [բացի Լաչինի միջանցքից], ապա Հայաստանը եւ Ղարաբաղը երբեք չեն ասել, որ այդ տարածքները միացնում են կամ Ղարաբաղին, կամ Հայաստանին» (30.11.1998թ.):

«Չկա այդպիսի լուծում, որը միաժամանակ բոլորին կբավարարի: Փոխզիջումը երկու տարբեր կարծիքի մեջտեղում է: Հիմա պայքարը հենց այդ մեջտեղի համար է` մեկը մի քիչ այս կողմ է քաշում, մյուսը` մի քիչ այն կողմ: Լուծումը լինելու է փոխզիջումների վրա հիմնված» (21.03.2001թ.):

«Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից:  Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցելու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանների շուրջ՝ բացի Ղարաբաղը Հայաստանին միացնող Լաչինի նեղ միջանցքից» (Քոչարյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» գործակալությանը, 17.09.2006թ.):

Սերժ Սարգսյան (1998-ին` ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 2000-2007` ՊՆախարար, 2008-2018` դե ֆակտո Հայաստանի նախագահ): «Ես փոխզիջումների մասին խոսում եմ ընդհանրապես 90-ական թվականների սկզբից: Այո, ես ասել եմ եւ հիմա էլ համոզված եմ, որ խնդրի լուծումը, իրոք, ցավոտ է լինելու եւ հայ ժողովրդի համար, եւ ադրբեջանական ժողովրդի համար, որովհետեւ իմ համոզմունքը, որ խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա, սա է ենթադրում: Փոխզիջում նշանակում է ունեցածից ինչ-որ բան զիջել, իսկ որեւէ մեկն անցավ, կամավոր ոչինչ չի զիջում: […]

Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Երբ որ լուրջ բանակցային գործընթաց է տեղի ունենում, և դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում։ Անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնելու Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը» (ԱԺ լսումներ, 2005թ.):

«Հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին» (22.03.2010թ.):

«Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթ, որտեղ ամրագրված էր, որ հայկական կողմերը թողնում են «անվտանգության գոտի» համարվող յոթ ադրբեջանական շրջանները: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն` դա «տարածքային ամբողջականության» սկզբունքն է» (17.11.2016)

Շրջափակում և ներդրումներ

Որպես «սկզբունքային տարաձայնություն» էր ներկայացվում նաև այն, որ 1998 թվականին  «իշխանության հայտնի մարմինները» չէին ընդունում, որ Արցախի հարցն ու դրանով պայմանավորված՝ Հայաստանի շրջափակումը արգելակում են Հայաստանի զարգացումն ու արտասահմանյան ներդրումների հոսքը:  

Այդ օրերին, անվտանգության ընդլայնված նիստում, նախագահ Տեր-Պետրոսյանը արձանագրում էր, որ «Շրջափակումները շուրջ 30 տոկոսով թանկացնում են Հայաստանի արտաքին բեռնափոխանակությունը, եւ դա նույնպես չի կարող չազդել արտասահմանյան ներդրողի մտադրությունների վրա: Երբ բիզնեսը զգայուն է անգամ մեկ ցենտի տատանման նկատմամբ, ինչպե՞ս կարող է անտարբեր լինել 30 տոկոսի թանկության դեպքում։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է ժխտել նաեւ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հսկայական պոտենցիալը, որը թերեւս երկրորդական դեր կարող է խաղալ Թուրքիայի տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանի դեպքում, անկասկած, ունի կենսական նշանակություն»: Նույն այդ նիստում «իշխանության հայտնի մարմինները» Տեր-Պետրոսյանին հակադարձում էին հետևյալ մտքերով. «Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան), «Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ արտասահմանյան ներդրումների համար» (Ռ. Քոչարյան): Իսկ դրանից 3 ամիս առաջ Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված նամակում նույնիսկ գրում էր, թե «Ոչ մի արտառոց բան չի պատահել. փակվեցին ադրբեջանական ճանապարհները, բացվեց պարսկականը։ Իսկ Թուրքիայի հետ հաղորդակցություն մենք երբեք չենք ունեցել» (Վ. Սարգսյանի նամակը Լ. Տեր-Պետրոսյանին, 01.10.1997):

Ահա այսպիսի «սկզբունքային տարաձայնություններ» հայտնող «իշխանության հայտնի մարմինները», Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արդեն իրենց իշխանության օրոք, սկսում են իրենք, մեղմ ասած, «բողոքել» թե՛ շրջափակումից, թե՛ ներդրումների բացակայությունից: Օրինակներ.

Վազգեն Սարգսյան. «Շրջափակումից հետո, ղարաբաղյան խնդրի առկայության ռիսկայնության գոտի լինելուց հետո, թերեւս, երրորդ պատճառը, որ Հայաստանում ներդրումները բացակայում են, կոռուպցիան է: […] Ցանկացած տարածաշրջանային ինտեգրում Հայաստանի դեպքում զարկվում է Թուրքիայի պատերին, եւ մեզ համար մնում է փաստորեն զրոյական վիճակ» (հարցազրույց «ՀՀ»-ին, 06.10.1999թ.):

Ռոբերտ Քոչարյան. «Պետք է դիվանագիտական հարաբերություններ լինեն հարեւան Թուրքիայի հետ: Պետք է բնականոն բարիդրացիական հարաբերություններ լինեն, այլ ոչ թե շրջափակում, որը Թուրքիան իրականացնում է Հայաստանին կաթվածահար անելու համար» (հարցազրույց «Ալ Ջազիրա» գործակալությանը, 17.09.2006թ.):

Սերժ Սարգսյան. «Մենք լսելով չէ, որ գիտենք, թե ինչ է նշանակում ապրել շրջափակման մեջ: Հայաստանը շարունակում է ապրել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից անօրինական շրջափակման մեջ» (19.06.2010թ.): «Եվրոպական Միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն» (29.11.2013թ.):

Փաթեթայի՞ն, թե՞ փուլային

«Սկզբունքային տարաձայնություններից» ամենագլխավորը տարիներ շարունակ ներկայացվում էր/է այն, թե 1997 թվականին Տեր-Պետրոսյանը Արցախի հարցի լուծումը պատկերացնում էր «փուլային»` «պարտվողական», իսկ «իշխանության հայտնի մարմինները»` «փաթեթային»` «հաղթական»  տարբերակները: Եթե մի կողմ թողնենք մինչ այժմ հրապարակված բոլոր «փուլային» և «փաթեթային» տարբերակների մյուս առանձնահատկությունները (թեկուզ` չափազանց կարևոր), ապա, ինչպես հենց դրանց անվանումներն են հուշում,  «փուլային» և «փաթեթային» տարբերակների գլխավոր տարբերությունն այն է, որ եթե «փուլային» տարբերակով Արցախի վերջնական կարգավիճակի հարցը թողնվում է ապագային, ապա «փաթեթայինով», ըստ էության, Արցախի վերջնական կարգավիճակի հարցի լուծումը կանխորոշվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակներում:

Եթե ներկայացնենք մինչ այժմ բանակցված և հրապարակված տարբերակները, ապա կստացվի հետևյալ պատկերը: 1997 թվականի «Փաթեթային», ապա` «Փուլային» տարբերակներ, 1998 թվականի` «Ընդհանուր պետություն», 2007 թվականից` «Մադրիդյան սկզբունքներ»` տարբեր վերաձևակերպումներով («Կազանյան», «Լավրովյան պլան», «Կրակովյան» և այլն): Մի կողմ թողնելով տարիներ շարունակ քննադատված՝ 1997 թվականի «Փուլային» տարբերակը՝ տեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում «իշխանության հայտնի մարմինների» կողմից բանակցված տարբերակները: Մի կողմ ենք թողնում նաև «տարածքների վերադարձի» հարցը, քանի որ ԼՂԻՄ-ի հարակից բոլոր տարածքների (բացառությամբ Լաչինի շրջանի/միջանցքի) վերադարձը ամրագրված են անխտիր բոլոր փաստաթղթերում:

1998 թվականին ներկայացված «Ընդհանուր պետություն» կոչվող «փաթեթային» տարբերակով Արցախի վերջնական կարգավիճակը սահամանվում է հետևյալ կերպ. «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական եւ տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա [այսինքն` Ադրբեջանի] միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Տվյալ փաստաթուղթը գոհունակությամբ էր ընդունվել «իշխանության հայտնի մարմինների» կողմից: Վազգեն Սարգսյանը, օրինակ, ցավում էր, որ տվյալ տարբերակը մերժվել է Ադրբեջանի կողմից («Իզվեստիա», 21.07.1999), իսկ Ռոբերտ Քոչարյանը, մանիպուլյատիվ եղանակով, հպարտորեն պնդում էր, թե, իբր, նման փաստաթուղթ երբեք չի բանակցվել (Քոչարյանի հարցազրույցը, 30.11.1998): 

Քոչարյանը իր ղեկավարության ողջ ընթացքում, քննադատելով «փուլային» լուծման հնարավորությունը, պնդելով, թե, իբր, Տեր-Պետրոսյանի օրոք բանակցությունները տարվում էին Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարությունը սահմանելու շուրջ, հայտարարում էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է «փաթեթային» լինի: Ու չնայած նման «սկզբունքային դիրքորոշմանը», 2007 թվականի վերջին միջնորդների կողմից ներկայացվում է «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող (ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից որպես «արդար և հավասարակշռված» գնահատված) տարբերակը, որը, հիմնված լինելով պետությունների «տարածքային ամբողջականության» և ժողովուրդների «ինքնորոշման» սկզբունքների վրա, այնուամենայնիվ՝ չէր սահմանում Արցախի վերջնական կարգավիճակը: Խոսվում էր ընդամենը անորոշ ապագայում «պլեբիսցիտի» անցկացման մասին: Այսինքն` «Մադրիդյան սկզբունքներ» կողչվող փաստաթուղթը ևս բնույթով «փուլային» է, քանի որ նրանում չի սահմանվում Արցախի վերջնական կարգավիճակը, սակայն երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ի տարբերություն 1997 թվականի «Փուլային» տարբերակի՝ «Մադրիդյան սկզբունքներում» ամրագրված է «տարածքային ամբողջականության» սկզբունքը, ապա հենց այս պարագայում ենք գործ ունենում «ինքնավարություն` Ադրբեջանի կազմում» հասկացության հետ:

Քոչարյանի ժառանգորդը հանդիսացող Սերժ Սարգսյանը ևս իր ղեկավարության օրոք խոսում էր «համապարփակ» կարգավորման մասին, սակայն իր կողմից մշակումների ենթարկված տարբերակներում ևս,Արցախի վերջնական կարգավիճակի հարցը թողնված է ապագային: Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մի առիթով նույնիսկ հայտարարեց, որ «Մադրիդյան սկզբունքները մեկ ամբողջականություն են, փաթեթ, սակայն փաթեթը ենթադրում է փուլային լուծում» (31.01.2017թ.): Այսինքն` Նալբանդյանը դիվանագիտորեն խոստովանում էր, որ այնուամենայնիվ լուծումը «փուլային» է լինելու:

Ամփոփելով տվյալ թեման ևս՝ կարող ենք եզրակացնել, որ «իշխանության հայտնի մարմինների» կողմից քննադատված և «պարտվողական» կամ «զիջողական» ներկայացվող «փուլային» տարբերակը նույնպես «պատրվակ» էր: 1998 թվականից հետո «իշխանության հայտնի մարմինները» բանակցել և ընդունել են Ադրբեջանի սահմաններում Արցախի «ինքնուրույնությունը» սահմանող կամ, լավագույն դեպքում, Արցախի վերջնական կարգավիճակը ապագային թողնելու, այսինքն` «փուլային» տարբերակներ:

Երկու նկատառում ևս

1. Քոչարյանը իր ղեկավարության ողջ ընթացքում մեղադրում էր Տեր-Պետրոսյանին հետևյալ դիրքորոշման համար. «Մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Ղարաբաղին»: Կարծես պարզ է հնչում. «Լուծումը առաջին հերթին պետք է բավարարի Ղարաբաղին, իսկ եթե այն բավարարում է Ղարաբաղին, ապա դա նաև ընդունելի է մեզ համար»: Քոչարյանը այս դիրքորոշումը ներկայացնում էր որպես «հարցը բարդել Ղարաբաղի վրա»: Եվ, ահա, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը նման կերպ ներկայացնող Քոչարյանը նույն հարցի վերաբերյալ անցյալ տարի հայտարարում է հետևյալ միտքը. «Որևէ վերջնական որոշում չի կարող պարտադրվել Ղարաբաղին` առանց ղարաբաղցիների մասնակցության և առանց այն հանգամանքի, որ իրենք պետք է ընդունեն այդ որոշումը, որովհետև իրականացնողն իրենք են լինելու» (25.06.2019թ.): Դե հիմա տվյալ միտքը համեմատեք «Մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Ղարաբաղին» մտքի հետ, և եթե «երևակայություններդ» թույլ կտա, բովանդակային տարբերություն գտեք դրանց միջև: Մի խոսքով` կամ Քոչարյանը տարիներ շարունակ հերթական մանիպուլյացիայով էր/է զբաղված, կամ ներկայումս, նման դիրքորոշում հայտնելով, ինքն է «հարցը բարդում Ղարաբաղի վրա»:

2. 1998 թվականին «Ընդհանուր պետություն» տարբերակը ներկայացնելուց հետո Քոչարյանը, խոսելով տվյալ փաստաթղթի, իբր, աննախադեպ դրույթների մասին, հայտարարում է, որ «Ղարաբաղը հենց փաստաթղթի սկզբից ճանաչվում է որպես հակամարտության լիարժեք կողմ» (30.11.1998թ.): Նախ, Արցախը հակամարտության լիարժեք կողմ էր ճանաչվել դեռևս 1994-1995 թվականներին, բացի այդ, 1997 թվականի «Փուլային» տարբերակում ևս արձանագրված է, որ տվյալ համաձայնագիրը երեք կողմ ունի: Երկրորդ. հաշվի առնելով, որ Քոչարյանը 1998 թվականին հրապարակայնորեն ընդունել է, որ իր կողմից բանակցված «Ընդհանուր պետություն» տարբերակում Արցախը հակամարտության լիարժեք կողմ է ճանաչված, ապա ստացվում է, որ վերջին տարիների նույն Քոչարյանի այն պնդումները, թե Արցախը դուրս է մնացել գործընթացներից դեռևս Տեր-Պետրոսյանի օրոք, կատարյալ անհեթեթություն են:

 Հարութ Ուլոյան