03.02.2020 16:22

Լիզա Ճաղարյան. «Վոժդը» պարծենալու բան է գտել

Լիզա Ճաղարյան. «Վոժդը» պարծենալու բան է գտել

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման մեջ կարդացի, որ գլխավոր ամբաստանյալ Քոչարյանն իր գրքում հպարտությամբ պատմում է, որ «վարչապետ դառնալուց հետո կառավարության ծրագիր չի ներկայացրել», իսկ «կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների հարցերին չի պատասխանել»։

Ինչու՞։ Որովհետեւ, պատմում է օգտատերը, գլխավոր ամբաստանյալը «ԱԺ ամբիոնին մոտ գնալը համարել է սեփական անձի հեղինակության արժեզրկում»:

Հո չզարմացա՞ք։

Դժվար թե զարմանաք, եթե անմիջապես հիշեք, որ անկախությունից առաջ ամբաստանյալը կոմբինատի պարտկոմ էր, իսկ սովետական երանելի տարիներին ապրողները դժվար մոռացած լինեն, որ պարտկոմները ենթակաների հարցերին չէին պատասխանում, պարզապես ավելի վերեւից հնչած պարտկոմների հրահանգները լսում ու սերտում էին ողնաշարները ծռած, բերանացի բարձրաձայնում էին առանց շարադասությունը փոխելու եւ թքած ունեին՝ իրենց լսողները մտքում հայհոյեցի՞ն հրահանգի հեղինակներին, թե՞ հիացմունքից հալվեցին։ Կարեւորն այն էր, որ երկու դեպքում էլ հրահանգները կատարվում էին, եւ «ճ» կլասի պարտկոմը կուչուձիգ գալով «բ» կլասի պարտկոմին զեկուցում էր, որ հրահանգը կատարված է։

Այս կաղապարից դուրս պրծած շատերը Հայաստանի անկախացումից հետո հարմարվեցին նոր ժամանակներին. ոմանք՝ հաճույքով, ոմանք՝ ճարահատյալ։ Գլխավոր ամբաստանյալը ոչ միայն չհարմարվեց, ոչ միայն իր պարտկոմական մկրատով վերաձեւեց ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի պատմությունը, այլեւ տարիներ անց ահա՛ հպարտությամբ գրում է դրա մասին՝ «վոժդական» բարձունքից արհամարհանքով չափչփելով պատգամավորների բոյն ու քաշը։ Հետագայում, դե՛ տեսանք, իր օրոք ձեւավորված խորհրդարանի ճնշող մեծամասնությունը Հոկտեմբերի 27-ի կոտորածից կարճ ժամանակ անց մեծ արագությամբ դարձավ փադիշահի նիստուկաց որդեգրած այս պարոնի կամակատար դակիչը։

Գլխավոր մեղադրյալի ինքնաներբող-գրքից ընդամենը սուտուկեղծիքներով լեփ-լեցուն մի քանի համառոտ հատված եմ ընթերցել կայքերում, բայց այս գրառման մեջ, ի զարմանս ինձ, Քոչարյանը չի ստում։ «Վոժդն» իրոք, արհամարհելով Հայաստանի սահմանադրությունը, երբեք ԱԺ նիստերից որեւէ մեկի ժամանակ ամբիոնին չի մոտեցել ո՛չ վարչապետության շրջանում, ոչ էլ այն տարիներին, երբ բազմած էր ՀՀ նախագահի աթոռին։

Քոչարյանը նույն պարտկոմն էր մնացել՝ միայն մեկ տարբերությամբ. ձեռքերն ավելի էին երկարել, «նարկոման ռոմանտիկները» սպանել էին Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին, եւ իր կողքին այլեւս չկային այն մարդիկ, որոնց հետ ինքը կակազելով էր խոսում, եւ եթե կային իրենից բարձր «պարտկոմներ», որոնց ինքը հաշվետու էր, ապա միմիայն այլ պետությունների հզոր տերերն էին, որոնց հետ շփվելիս ամբաստանյալն իսպառ մոռանում էր, որ ինքը «վոժդ» է։

Ինքը նրա՛նց վասալն էր, Հայաստանի քաղաքացիներն էլ՝ այս վասալի վասալը։

Այսպե՛ս է ղեկավարել գլխավոր ամբաստանյալը Հայաստանի Հանրապետությունը, եւ թե ինչ է պատահել նրանց, ովքեր չեն ենթարկվել նրա այս պարտկոմական դրվածքին, խոսուն վկայություններ են նրա ղեկավարության տարիների արյունոտ էջերը, սպանվածների ու «ինքնասպանվածների» երկար ցուցակները եւ բազմաթիվ քաղբանտարկյալները։

Ահա այս հավերժ պարտկոմն ու նրա փաստաբանական խումբն են այսօր դատարանի դահլիճում կոկորդ պատռում Սահմանադրության «ոտնահարման» դեմ, հե՛նց այն Սահմանադրության, որով իրեն վերապահված պարտականություններին Քոչարյանը վերաբերվել է անթաքույց քամահրանքով։

Ավելին. ահա այս ամբաստանյալն է բանտախցից ժամանակ առ ժամանակ հոխորտում, որ ինքն «ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշն» է, եւ իրեն է վիճակված «շատ կարեւոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»։

Ակնհայտորեն մեծահարուստ գլխավոր ամբաստանյալին դաժանորեն խաբում են նրա պաշտպաններն ու աջակիցները՝ հանրությանը հայտնի պատճառով, եւ ամբաստանյալ Քոչարյանն արդեն մեծամոլության ճիրաններում էրվում ու փոթոթվում է։

Ցավոք, Հայաստանի քաղաքացիները ոչնչով չեն կարող օգնել «վոժդին»։ Մեր մեջ ասած՝ ցանկություն էլ չունեն օգնելու։