03.02.2020 21:47

Արսեն Գրիգորյան. Կոստանյանն իրեն պահում է ահաբեկչի նման

Արսեն Գրիգորյան. Կոստանյանն իրեն պահում է ահաբեկչի նման

Սերժ Սարգսյանի օրոք գլխավոր դատախազ աշխատած Գեւորգ Կոստանյանը պատրաստ է «վաղն ևեթ վերադառնալ Հայաստան», եթե մարտի 1-ի գործով «քննարկմանը հրավիրվեն և մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ»: Ինչպես հասկացաք, քննարկումը նախաձեռնում է նույն պարոն Կոստանյանը: Ինքը չի ուզում ցուցմունքով պատմել մարտի 1-ի մասին: Ինքն ուզում է «քննարկման» ֆորմատով պատմել:

Այս մարդն այնքան դերի մեջ մտնող է, որ իրեն թվում է, թե իր ցուցմունքներն անգամ պիտի դառնան համաշխարհային նշանակության իրադարձություն: Պարոն Կոստանյան, ձեզ կանչում են ցուցմունք տալու, ոչ թե Համլետ խաղալու: Դեռ լավ է, որ չի ասում` եթե ապահովեք վերջին սերնդի նախագահական ինքնաթիռ, երկու միլիոն դոլար, իսկ «Զվարթնոց» օդանավակայանից մինչև քննչական մարմին Մայբախ մեքենայով կտանեք, քննարկումն էլ ուղիղ եթերում պարտադիր կցուցադրեք համաշխարհային առաջատար հեռուստաընկերությունների ուղիղ եթերում: Փրայմ թայմի ժամանակ`  Պեպսի Կոլային տրված գովազդի բացառիկ իրավունքով: Ջուրն էլ սենյակային ջերմատիճանի, սուրճն էլ` դառը,  սեւ ու դառը, սոխն էլ` բարակ-բարա՜կ....

Ասենք, ա՛յ պարոն Կոստանյան, դու Ռոբերտ Քոչարյանից ինչո՞վ ես լավը: Մարդը վատ չի տեղավորվել ԱԱԾ մեկուսարանում եւ ոչ մի դեսպան ու Մայբախ չի պահանջում: Դե՛ռ: Դու ի՞նչ պիտի ասես դեսպանների ներկայությամբ, որ առանց դեսպանների քննիչներին ասելու բան չէ: Հենց միայն այն, որ այսքան տարի չես խոսել, քեզ կարելի էր Մոսկվայից Երեւան բերել ստալինյան «Վոռոնյոկներով», որ մի քանի օր ճանապարհներին ապրես 10 տարի դատախազության դռները մաշած մարտի 1-ի զոհերի հարազատների տանջանքները: Դու ումի՞ց ես լավը քեզ վերագրվող ճիշտ նույն հանցանքներով, որոնցով մեղադրվում են մյուսները ու չեն փախչում:

Գեւորգ Կոստանյանն ասում է` այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում: Է, դո՛ւ անեիր: Որտե՞ղ էիր 2008-ից հետո 10 տարիների ընթացքում: Ոչ հետախուզվում էիր, ոչ էլ դեսպան էր քեզ պետք դրա համար:  Դեռ մի բան էլ, որքան էլ զարմանալի չթվա` նույնիսկ գլխավոր դատախազ էիր, որն անմիջապես վերահսկում էր գործը: Անեիր, այն էլ` այդ  շատ բանը: Ո՞վ էր ձեռքդ բռնել:

Այս մարդը, հավատացնում եմ, խաղում է ամեն նախադասությամբ: Բացարձակապես ոչ մի բովանդակային սպառնալիք, որ՝ ա՛յ, կգամ, կասեմ, կարող եմ ասել առանց գալու, չկա: Որովհետեւ «կինոյի տղա» է խաղում: Իրեն բեմում է զգում:

Ըստ մեղադրանքի` նախկին գլխավոր դատախազը դեռ Սերժ Սարգսյանի խորհրդականի կարգավիճակում ապացուցողական նշանակության փաստաթղթեր է կեղծել մարտի 1-ի գործով: Գեւորգ Մհերյանի հետ: Կամ՝ հանձնարարել է կեղծել: Այս ամենը հրապարակվել է: Իսկ նա հեքիաթ է պատմում եւ հարցեր հնչեցնում, թե` ասացեք խնդրեմ, ինչու մինչեւ հիմա չեն բացահայտվել 10 զոհերի մահվան հանգամանքները: Բա հենց դրա համար են կանչում: Իսկ քեզ թվում է, թե մարտի 1-ը քո պատա՞նդն է, նախապայմաններ կթելադրես, թե իմ մասնակցության համար ինչեր են անհրաժեշտ, դու էլ կգաս կասես, որ զոհերի մահվան հանգամանքները բացահայտել հնարավոր չէ: Դուք ձեզ պահում եք ահաբեկչի նման, որի ձեռքում պատանդներ կան:

Պարոն Կոստանյան, դասախոս եք աշխատում, շատ լավ կիմանաք ցուցմունքի եւ քննարկման տարբերությունը: Մեղադրյալի կարգավիճակով քննարկման չեն գնում այն գործով, որով ձեզ մեղադրում են:

Մեղադրյալն ուզում է հավատացնել, որ չի վստահում նոր իշխանություններին: Բայց վստահում էիր, չէ՞, քանի դեռ մարտի 1-ի գործը քեզ չհասավ: Քո խոսքերն են. «Ցանկացած ողջամիտ մարդ այսօր պարտավոր է աջակցել Փաշինյանին»: Արի եւ աջակցիր քո ցուցմունքներով, որոնք կարող են իսկապես դարակազմիկ եւ համաշխարհային նշանակության լինել, եթե միայն անկեղծ լինես մինչեւ վերջ: Ոչ ոք քեզ չի ստիպի այլ դեր խաղալ: Ձեր լավագույն դերը ձեր ազնվությունն է: Մնացյալը լռություն է: