Թեհրանը դադարեցնում է համագործակցությունը Կիևի հետ

Իրանը դադարեցրել է համագործակցությունն Ուկրաինայի հետ՝ ուկրաինական օդանավի կործանման գործով: Սա Թեհրանի արձագանքն է՝ Ուկրաինայի թույլ տված տվյալների արտահոսքին:
Խոսքը Թեհրանի օդանավակայանի կարգավարի հետ Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռներից մեկի օդաչուի խոսակցության ձայնագրության մասին է: Ենթադրաբար՝ խոսակցությունը ձայնագրվել է ուկրաինական «բոինգի» կործանման ժամանակ: Ձայնագրության մեջ օդաչուն կարգավարին հաղորդում է, որ երկնքում բռնկում է նկատել, որը նման է հրթիռի արձակման:
Aseman Airlines-ի օդաչուի հետ խոսելուց առաջ լսվում է, թե ինչպես է կարգավարը փորձում կապ հաստատել ուկրաինական ինքնաթիռի հետ, սակայն՝ ապարդյուն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ուկրաինական «1+1» հեռուստատեսության եթերում, հայտարարել էր, որ Կիևի տրամադրության տակ է հայտնվել մի ձայնագրություն, որը վկայում է, որ Թեհրանը հենց սկզբից էլ իմացել է աղետի պատճառների մասին: Այդ հայտարարությունից քիչ անց բանակցությունների ձայնագրությունը հայտնվել էր ուկրաինական մի քանի կայքերում, ինչպես նաև YouTube-ում:
Իրանը վրդովմունք էր հայտնել տվյալների արտահոսքի կապակցությամբ:
Փոխանցում է BBC-ն: