04.02.2020 14:52

Կոստանյանի հայտարարությունից Քր.օր-ի նոր հոդվածի հոտ է գալիս

Մարտի մեկի գործով արդեն որպես մեղադրյալ անցնող Գեւորգ Կոստանյանը, որն իրեն մեղադրանք առաջադրվելուց հետո գտնվում էր Ռուսաստանում եւ Հայաստան չէր գալիս, հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է, թե պատրաստ է «վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին»:

Բայց, ինչպես արդեն հայտնի է, Կոստանյանը դրա համար նախապայմաններ է առաջ քաշել, որ  դա պետք է արվի հրապարակային՝ հրապարակային քննարկման ֆորմատով, ՀՀ վարչապետի մոտ կամ ուղիղ հեռարձակմամբ՝ իր, ՀՀ ՀՔԾ պետի, գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Բացի այդ, Կոստանյանը մի շարք այլ պնդումներ եւս արել է իր երկարաշունչ հայտարարության մեջ, որոնցից ամենաուշագրավը, թերեւս, սպանություններին վերաբերող պնդումներն են:

«Հայտարարում եմ, որ ցանկության և համապատասխան մասնագիտական կարողությունների առկայության պայմաններում այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում»:

Հիշեցնենք, որ սա հայտարարում է մի մարդ, որը 2013-2016 թվականներին եղել է Հայաստանի գլխավոր դատախազը, ում անմիջական պարտականությունն է եղել բացահայտել մարտի մեկի սպանությունները, ով անմիջական ղեկավարն է եղել այն կառույցի, որը «զբաղվել է» մարտի մեկի բացահայտմամբ:

Իհարկե, Կոստանյանն իր այս պնդումն այսօր այսպես է բացատրում, թե իբր «հաշվի առնելով գործի վերաբերյալ բազմաթիվ նոր հանգամանքներ, որոնք առկա չեն եղել իմ պաշտոնավարման ժամանակ, ես պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով և ունեցած տեղեկատվությամբ աջակցել 10 անձանց մահվան փաստերի և դրանց մեղավորների բացահայտմանը, սակայն հրաժարվել և այսուհետ նույնպես հրաժարվելու եմ մասնակից լինել անբովանդակ բացառապես քաղաքական շոուներին»:

Բնականաբար, այս տողերը կարդալիս՝ հարց է ծագում, թե իր ունեցած ամբողջ տեղեկատվությամբ Կոստանյանն ինչու չէր աջակցում ՀՔԾ-ին՝ թեկուզ 13-16 թվականներին, երբ դատախազ էր, կամ դրանից հետո, երբ Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, կամ ավելի հետո, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր: Ասում է, թե գործի վերաբերյալ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Ախր, ա՛յ պարոն Կոստանյան, դասականի ասած՝ «ես ու Շմայսը նման բան ասենք՝ ջհանդամը», բայց դու իրավաբան-դասախոս մարդ, դու ինչպե՞ս ես նման պնդում անում: Այդ ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել՝ օդից, որոնք չէին կարող ի հայտ գալ այն ժամանակ, երբ դու ղեկավարում էիր գլխավոր դատախազությունը, եւ ինչո՞ւ են դրանք հիմա ի հայտ եկել: Ցուցմունքնե՞ր: Այդ ցուցմունքները կարող էին ավելի վաղ ի հայտ գալ, եթե դուք ցուցմունքներ վերցնեիք դեպքերին ներկա եղած բոլոր անձանցից, եթե դուք էլ գնայիք, ոստիկան առ ոստիկան, զինվոր առ զինվոր հարցաքննեիք եւ այնպիսի հարցեր տայիք, որոնք նպատակ պիտի ունենային բացահայտելու ողջ եղելությունը, եւ ոչ՝ կոծկել կամ, իրավական լեզվով ասած՝ «ջրել»: Փաստաթղթե՞ր: Այդ թվում 0038 հրամանագի՞րը: Բայց այդ փաստաթղթերն էլ հո երկնքից չեն ընկել, դրանք բոլորը ձեր օրոք էլ եղել են համապատասխան տեղերում, եւ ընդամենը կամք էր պետք դրանք առգրավելու համար: Եւ «չենք իմացել դրանց գոյության մասին» պնդումները չեն անցնի, քանի որ Մարտի մեկից անմիջապես հետո մամուլում լիուլի տեղեկություններ են եղել այս կամ այն թղթի, այս կամ այն գերատեսչության կատարած այս կամ այն քայլի մասին, փաստահավաք խումբը բազմաթիվ զեկույցներ է հրապարակել, որոնց հետքերով ընդամենը պետք էր գնալ ու հերթով ստուգել դրանց հիմնավորվածությունը:

Իսկ ի՞նչ էիք անում դուք, պարոն Կոստանյան: Դուք պաշտոնը ստանալուց հետո ընդհանուր վարույթից անջատեցիք մահվան դեպքերով հարուցված գործերը, հանդիպեցիք ծնողների հետ, հույս տվեցիք նրանց, իսկ հետո արդեն զբաղված էիք միայն մի բանով՝ բացատրելով հանրությանը, թե ինչու չի բացահայտվում Մարտի մեկն ու, մասնավորապես, սպանությունները:

Օրինակ՝ 2014 թվականի հունիսին հրավիրված ասուլիսում հայտարարում էիք.

«Ցանկացած քրեական գործ պետք է բացահայտվի, դա շատ լավ կլինի: Բայց, միաժամանակ, գաղտնիք չէ, եթե ասեմ, որ ամեն քրեական գործ չէ, որ բացահայտվում է 6 տարվա ընթացքում կամ 1 տարվա ընթացքում: …

Գործի բացահայտվածությունը կարող է տևել երկար, իսկ արդյունքը կարող է լինել աննախադեպ կամ անակնկալ: Այստեղ կարևորն այն է, որպեսզի պետությունը, իրավապահ մարմինները կարողանան ապահովել մի քանի սկզբունքներ՝ լրիվություն, բազմակողմանիություն և օբյեկտիվություն:…

Եթե կարողանանք ապահովել այս երեք սկզբունքները, գործի բացահայտվածության առումով արդյունքներ կլինեն: Բայց դա դեռևս չի նշանակում, որ դա փաստ է: Այսինքն՝ մեր հիմնական նպատակը տվյալ գործի վերաբերյալ՝ կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները, բոլոր վարկածները, բոլոր հանգամանքները, բայց ծավալն ու բնույթը հաշվի առնելով՝ դա բավական ժամանակատար գործ է: …

Մարտի 1-ի գործով նախաքննությունը շարունակվում է, իսկ նախաքննությունը շարունակելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերոնշյալ երեք սկզբունքների միաժամանակյա կիրառությունը դեռևս ապահովված չէ»:

2017 թվականի հուլիսին էլ հայտարարում էիք, որ գլխավոր դատախազի պաշտոնում ամեն ինչ արել եք Մարտի 1-ի իրադարձությունների արդյունավետ հետաքննության նպատակով։

«Այդ գործը արհեստականորեն չի երկարաձգվում։ Շատ հանգամանքներ անհայտ են եւ պետք է բացահայտվեն։ Հանգամանքը, որ այդ քրեական գործերը չեն փակվում, նշանակում է, որ դրանց ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Եթե քրեական գործի մեղադրյալը հայտնաբերված չէ, բայց նաեւ գործի փակման համար հիմքեր չկան, գործը փակվում է։ Հանգամանքը, որ քննիչները չեն փակել քրեական գործը, նշանակում է, որ համաձայն քննիչի եւ դատախազի կարծիքի՝ տվյալ քրեական գործի շուրջ դեռ քննչական միջոցառումների անհրաժեշտություն կա»,- ասում էիք դուք:

Այսինքն, ձեր իշխանությունը ավելի քան տասը տարի քննում քննում էր գործը ու ոչ մի առաջընթաց չէր արձանագրում, ու դուք դա չէիք համարում «արհեստականորեն ձգձգում», իսկ հիմա, ահա, կարծում եք, որ այսօր՝ այս ընթացքում կարելի էր բացահայտել 10 անձանց սպանությունները:

Հ.Գ. Փաստորեն, իր հայտարարությամբ Գեւորգ Կոստանյանը նաեւ նոր մեղադրանքի հիմքեր է «ցրցամ տալիս»: Եթե Կոստանյանը պնդում է, թե կան հանգամանքներ, որոնք քրեական գործում միայն հեղափոխությունից հետո են ի հայտ եկել, նշանակում է՝ նախկինում իրավապահները, այդ թվում՝ ինքը Կոստանյանը, ունենալով անմիջական պարտականություն, ջանքեր չեն գործադրել այդ հանգամանքները ի հայտ բերելու համար եւ, ըստ էության, զբաղված են եղել գործը կոծկելով կամ անգործությամբ: Իսկ պաշտոնեական անգործությունը, ըստ Քր.օր-ի, եւս հանցագործություն է:

iLur.am