07.02.2020 14:02

Լիզա Ճաղարյան. Բա խրամատը, բա բաստիոնը, բա սահմանը...

Լիզա Ճաղարյան. Բա խրամատը, բա բաստիոնը, բա սահմանը...

Երեկ տաք օր էր ե՛ւ ուղղակի, ե՛ւ անուղղակի իմաստով. սա էր, թերեւս, պատճառը, որ Հայաստանի մոտալուտ կործանման մասին ռոբասերժական ու մարուքյանական աղաղակները խլացրեցին «խրամատից» հնչած «գույժը»։

Չշտապենք։ Հերթով-շարքով։

Երեկ լրագրողի («Ազատություն») հարցին, թե ինչ է մտածում Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդիրը հանրաքվեի միջոցով լուծելու Ազգային ժողովի որոշման մասին, «երջանկությունից ճառագող» Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ ինքը չի հետեւել ԱԺ քննարկումներին, նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ են քննարկել («տեղյակ չէր», բայց շտապեց նաեւ հպարտությամբ «ավետել», որ եվրոպաներից այդ հարցի կապակցությամբ նամակ է ստացել արդեն)։

Իսկ «տեղյակ չէր», որովհետեւ, ինչպես ինքն ասաց՝ իրեն չի հուզում այդ հարցը։

-Ինչու՞, - տարակուսեց լրագրողը, - չէ՞ որ Ձեր լիազորությունների դադարեցմանն էր վերաբերում։

Եվ կրկին «ճառագեց» ՍԴ անդամ Թովմասյանը.

-Իսկ ո՞վ ասեց, որ իմ լիազորություններն էդքան կարեւոր են ինձ համար։

Վա՛հ։ Իրո՞ք, պարոն գլխավոր սահմանապահ։

Սա էն նույն Թովմասյանը չի՞, որ ամիսներ շարունակ դեգերում էր ռոբասերժիկական լրատվամիջոցներում եւ հոգեցունց հայտարարություններ անում այն մասին, որ հենց ինքն է այն մարդը, որ Սահմանադրական դատարանի «խրամատում» նստած՝ անձնազոհաբար պաշտպանում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանները, եւ եթե ինքն ու իր վեցյակը հրաժարական տան, Հայաստանի իշխանությունները վռազ-վռազ «հողերը» հանձնելու են։

Արդեն մազ էր մնում նույնիսկ մեզ նման ազգի դավաճանները հավատային, որ Հրայրը եւ յուր ջոկատն են Արցախն ու Հայաստանն անառիկ պահում, հակառակ դեպքում՝ «քաղբանտարկյալ» Քոչարյան Ռոբերտի համար տառապող Իլհամ Ալիեւն արդեն վաղուց Սեւանի ափի բոլոր «չայերը» խմած-պրծած էր լինելու, ու մեկ էլ ինչ ենք լսում՝ ազգի միակ հույսուապավենի համար «իր լիազորությունները» կարեւոր չեն։

Եվ եթե մեզ նման քարսիրտների դեպքում մազ էր մնում, որ հավատայինք, ապա ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մի խումբ նախկին ավազակներ... էս ինչ եմ ասում... մի խումբ հայրենասերներ էն գլխից հավատում ու հավատացնում էին դավաճաններիս, որ ո՛չ միայն իրենց միակ հույսն է Թովմասյան Հրայրը, նաեւ նա՛ է խրամատում անմարդկային զրկանքներ կրող այն անձնազոհ հերոսը, որի աննահանջ կեցվածքի շնորհիվ այդ մի խումբ հայրենասերները եւ հարյուր հազարավոր դավաճաններս հանգիստ քնում ենք գիշերները՝ վստահ, որ մեր կապուտաչյա հայրենիքը հուսալի ձեռքերում է, եւ ո՛չ մի «հող հանձնող» չի կարող իրականացնել իր դավաճանական ծրագիրը, քանի դեռ «բաստիոնը» չի հանձնվել։

Ու մեկ էլ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է՝ հանուն Արցախի ու Հայաստանի խրամատավորված սահմանապահի, մի խումբ հայրենասերների ազգափրկիչ սպասելիքները ջուրը լցվեցին։ Բոլորիս աչքի առաջ բաստիոնը փլվեց, խրամատը լցվեց քարուղռերով, սահմանն էլ մնաց անտեր ու անպաշտպան։

...Այնուամենայնիվ, ինչու՞ էր «երջանկությունից ճառագում» բոլորիս փրկիչը։

Դե, ոնց որ թե սա էլ է հասկանալի. ո՛վ լինի, որ «ռեւմատիզմի բուն» խրամատից դուրս գա լույս աշխարհ ու երջանկությունից գլուխը չկորցնի։