10.02.2020 09:05

Սերենա Ուիլյամսի առաջին պարտությունը ԱՄՆ-ի հավաքականում

Սերենա Ուիլյամսի առաջին պարտությունը ԱՄՆ-ի հավաքականում

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն առաջին պարտությունն է կրել ԱՄՆ-ի հավաքականի կազմում։ Ֆեդերացիայի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնություն) որակավորման փուլում ԱՄՆ-ի հավաքականը մրցել է Լատվիայի թիմի հետ։

38-ամյա Սերենա Ուիլյամսը 6:7 (5:7), 6:3, 6:7 (4:7) հաշվով պարտվել է Անաստասիա Սեւաստովային։ Սերենա Ուիլյամսը ԱՄՆ-ի հավաքականում հանդես է գալիս 1999 թվականից եւ նախորդ 14 հանդիպումներում հաղթանակ է տարել։

ԱՄՆ-ի հավաքականը կարողացել է դուրս գալ եզրափակիչ փուլ զուգախաղում Բետանի Մաթեք-Սենդսի եւ Սոֆյա Քենինի հաղթանակի շնորհիվ։ Ընդհանուր հաշիվը՝ 3։2։

Եզրափակիչում Ֆեդերացիայի գավաթը կվիճարկեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Սլովակիայի, Բելառուսի եւ Ռուսաստանի հավաքականները։