10.02.2020 13:32

Կես ճշմարտությունը ճիշտ տեղ չի տանի

Կես ճշմարտությունը ճիշտ տեղ չի տանի

«Իրավական ուղի» հ/կ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը իր մի գրառման մեջ (որ հրապարակել է նաեւ «Հրապարակը» - 09.02.2020) սահմանադրականության խնդրին ու դրա գործնական-քաղաքական կարեւորությանը վերաբերող կարեւոր արձանագրումներ է անում։ Նկատի ունենք պատմական կտրվածքով արված արձանագրումները (մի կողմ ենք թողնում այն խնդիրը, թե այսօրվա հետ կապված՝ ինչ հարցի առիթով են կատարվում այդ դիտարկումները, -դա այլ հարց է)։

Սահմանադրականությանը հավատարիմ մնալու կարեւորության մասին իր գրառումը նա ամփոփում է այսպիսի հարցադրմամբ. «Որևէ մեկը լրջորեն մտածե՞լ է՝ ինչու մեզ հաջողվեց խուսափել քաոսից 90-ականների սկզբին, իսկ մեր հարևան հանրապետություններին չհաջողվեց»։ Հարցը հռետորականի նման է՝ ենթադրելով հետեւյալ պատասխանը. 90-ականների սկզբին Հայաստանին հաջողվեց խուսափել քաոսից ու անկառավարելիության վիճակներից, քանի որ Հայաստանի իշխանության պատասխանատու ուժը՝ Հայոց համազգային շարժումը եւ երկրի ղեկավար Լեւոն Տեր Պետրոսյանը, չտրվեցին ԽՍՀՄ գործող Սահմանադրությունը խախտելու գայթակղություններին, մի բան, որ չհաջողվեց անել հարեւան հանրապետություններում։

Այստեղ ճշմարտությունն ու իրողությունը ամբողջական է։

Նույնը չի կարելի ասել գրառման սկզբի արձանագրումների մասին.

«Մեր երկրում Սահմանադրական ընթացակարգերի նկատմամբ միշտ եղել է ընդգծված հարգանք։ Ի սկզբանե։ Ի պատիվ Շարժման առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետությունը նախկին խորհրդային միակ հանրապետությունն էր, որն անում էր ամեն հնարավորը՝ ամենայն մանրամասնությամբ պահպանելու ԽՍՀՄ սահմանադրաիրավական ընթացակարգերը՝ անկախություն հռչակելիս։

Այս սկզբունքը մինչև 2020 թվականի փետրվարի 6-ի երեկո մնացել է անքակտելի։ 1998 թվականի փետրվարյան ճգնաժամից մինչև 2018 թվականի ապրիլ-մայիսյան ու հոկտեմբերյան ճգնաժամեր՝ այդ ամենը հանգուցալուծվել է բացառապես Սահմանադրական ընթացակարգերի շրջանակներում»։

Այստեղ ճշմարտությունները կիսատ են եւ հազիվ թե արդյունք են չիմացության.

1՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին քննարկումներն ու ընդունված որոշումների մասին «Շարժման առաջնորդներից» բոլորը չէ, որ նույն «գծի» վրա էին։ 1991թ. հունվար-փետրվար ամիսներին խորհրդարանում դժվարությամբ հարթվեց հանրաքվեն ԽՍՀՄ սահմանադրությամբ եւ համապատասխան օրենքով սահմանված ժամկետում, այն է՝ որոշման ընդունումից 6 ամիս հետո (սեպտեմբերի 21-ին) նշանակելու հարցը։ Բազմաժամ քննարկումներից հետ միայն Գերագույն խորհուրդը կայացրեց այդպիսի որոշում։ Սակայն հանրաքվեն ավելի շուտ՝ օրենքի խատմամբ անցկացնելու, կամ առանց հանրաքվեի, Գերագույն խորհրդի որոշմամբ անկախություն հռչակելու պահանջով քայլերն ու ակցիաները դրանով չդադարեցին։ Այդ պահանջները նոր ուժով դրսեւորվեցին օգոստոսի վերջին՝ Մոսկվայում պետական հեղաշրջման փորձից՝ ԳԿՉՊ-ից հետո։ Եւ այդ նախաձեռնության մեջ առանցքային դեր ունեին այդ պահին իշխանության մաս կազմող «Շարժման առաջնորդներից»  մի քանիսը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Վերջինս համարում էր, որ պետք է «պահը բաց չթողնել» եւ անկախություն հռչակել ԳԽ որոշմամբ, առանց հանրաքվեի (երբ հանրաքվեին մնում էր ընդամենը երեք շաբաթ)։ Հաղթեց իշխանության՝ ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեւը, եւ դրանով է, որ պահպանվեց «սահմանադրական ընթացակարգերի նկատմամբ հարգանքը,» եւ Անկախության հանրաքվեն տեղի ունեցավ իր ժամանակին։

Ավելացնենք, որ այս դիրքորոշումը կամ սկզբունքը բարձր գնահատվեց նաեւ միջազգային ասպարեզում։ «Նյու-Յորք Թայմսի» գնահատմամբ՝   «Այդ հանրաքվեն կարծես քաղաքական արվեստի փոքրիկ գլուխգոր­ծոց լինի. այն առաջինն է, որ անցկացվելու է խորհրդային սահմա­նա­դրու­թյան պահանջներին համաձայն, վեց ամիս առաջ այդ մասին նա­խա­զգուշացնելով Կրեմլին։ Հետեւաբար, օրենքների դիկտատի մեջ հմտա­ցած Կրեմլի ստրատեգների համար շատ ավելի դժվար է այն հաշվի չառնել (Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. հայերեն թարգմանությունը՝ «Ազգ» օրաթերթ, 20.04.1991թ.)։

2՝ Ռ. Մելիքյանի հաջորդ պնդումը կամ արձանագրումը նույնպես կես ճշմարտություն է։

 Ճիշտ է, որ «սահմանադարական ընթացակարգերի նկատմամբ հարգանքը» պահպանվել է նաեւ հետագայում՝ արդեն նկատի ունենալով 1995թ. ընդունված ՀՀ Սահմանադրությունը։ Այո, ճիշտ է, որ դրա արտահայտություններից մեկն էլ 1998թ. «փետրվարյան ճգնաժամի» անցնցում հաղթահարումն էր։ Հիշենք, որ այդ ժամանակ նաեւ բոլոր նրանք, ովքեր այս սահմանադրության ընդունման շրջանում մեղադրում էին, թե այն «կարված է Լեւոն Տեր-Պետրոսյանի վրայով», ստիպված էին հրապարակավ խոստովանել հակառակը՝ որ Սահմանադրությունը ապահովեց ճգնաժամի անցնցում հաղթահարումը։ Եւ քանի դեռ գործում էր այդ սահմանադրությունը, հաղթահարելի էին բոլոր հնարավոր խութերն ու ճգնաժամերը։ Եւ խնդիրն, առաջին հերթին, Սահմանադրության որակի՝ հակասություններից զերծ լինելու, ոչ մեկի «հագով» կարած չլինելու, ոչ թե իշխանության պահպանման եւ շարունակականության ապահովման գործիք, այլ պետականության անխաթարության եւ անհաղթահարելի ճգնաժամերի բացառման հիմքով ստեղծված լինելու մեջ էր։

Ճիշտ չէ, որ «սահմանադարական ընթացակարգերի նկատմամբ հարգանքի» սկզբունքը պահպանվեց մինչեւ 2020 թվականի փետրվարի 6-ը»։ Դա ավարտվել էր 2005 թվականին, երբ Ռ. Քոչարյանի օրոք սահմանադրությունը պետականության անխաթարության եւ անհաղթահարելի ճգնաժամերի բացառման միջոցից դարձվեց իշխանության պահպանման գործիք։  2015 թվականին Ս. Սարգսյանը «պակասը լրացրեց»՝ ապահովելու համար իր ցկյանս իշխանությունը։

Այսօր մենք բախվում ենք այս վերջին՝ գործող սահմանադրության մեջ դրված առաջին խութերին ու ականներին։ Ժողովրդավարական ընթացակարգերի պայմաններում այն ոչ թե ճգնաժամերի բացառման կամ լուծման, այլ այդպիսիք  ստեղծելու, հարուցելու պարարտ հող է։  Ընդհանուր առամամբ, դա Հիմնական օրենքի կարգավիճակ ունեցող մի հակապետական փաստաթուղթ է, որը ոչ մի «կարկատանով» հնարավոր չէ «բարեփոխել», դրանից պետք է ազատվել ամբողջությամբ։

Աշոտ Սարգսյան