10.02.2020 13:30

Ալիևի կուսակցությունը մեծամասնություն կկազմի Ադրբեջանի խորհրդարանում

Ալիևի կուսակցությունը մեծամասնություն կկազմի Ադրբեջանի խորհրդարանում

«Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Իլհամ Ալիևն է, կիրակի օրը կայացած՝ Միլի մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարանի) արտահերթ ընտրություններում ստանում է մանդատների մեծ մասը:

Այդ մասին են վկայում ընտրությունների նախնական արդյունքները՝ քվեաթերթիկների 87 %-ի հաշվարկից հետո: Արդյունքները մամուլի ասուլիսում այսօր առավոտյան հրապարակել է երկրի ԿԸՀ ղեկավար Մազահիր Պանախովը: Ըստ այդմ՝ կուսակցությունը կստանա 62 մանդատ:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում Ալիևը նշանակել էր անցյալ տարեվերջին, խորհրդարանի ինքնալուծարումից հետո:

Միապալատ խորհրդարանի 125 տեղերին հավակնում էր 1314 թեկնածու: Քվեացուցակներում ընդգրկված էր ավելի քան 5,3 մլն ընտրող:

Ընտրություններում հավատարմագրված էր 59 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 883 դիտորդ: Ամենամեծ առաքելությունը՝ 380 հոգի, ներկայացրել էր ԵԱՀԿ ժողովրդական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակը: ԱՊՀ առաքելությունը կազմված էր 252 փորձագետներից, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովինը՝ 25: Տեղական դիտորդների թիվն անցնում էր 77 հազարից:

Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակությունը արդեն իսկ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճանաչել է օրինական և երկրի միջազգային պարտավորություններին համապատասխանող:

Փոխանցում է tass.ru-ն: