10.02.2020 16:45

Հանրաքվե. Բարդ է լինելու, բայց պետք է լինի

Հանրաքվե. Բարդ է լինելու, բայց պետք է լինի

Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը իշխանությունները հանգուցալուծելու են հանրաքվեի միջոցով, անմիջապես հայտնվեցին տարբեր քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ, որոնք հայտարարեցին, թե այդ տարբերակը սխալ է, որովհետեւ…

Ամեն մեկը յուրովի է մեկնաբանում եւ բացատրում մեզ, թե ինչու հանրաքվեն չպիտի կայանա, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մեկնաբանողների պարագայում այդ որովհետեւից հետո հնչող բացատրությունները էական չեն դառնում, քանի որ ակնհայտորեն երեւում է, որ նրանց անհանգստացնող հարցը ոչ թե ճգնաժամը հաղթահարելու ձեւն է, այլ այն, որ ՍԴ անդամների ներկա կազմը չփոխվի: Եւ այդ քաղաքական նպատակի համար նրանք բերելու են հարյուրավոր պատճառներ, տարածելու են բազմաթիվ կեղծիքներ, որոնցից մի քանիսին կանդրադառնանք ստորեւ:

Աներկբա է, որ իշխանությունները, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, ՍԴ ճգնաժամի հարցում եւս հապաղել են, ակնհայտ է, որ այս եւ մյուս ոլորտների հետ կապված արագ լուծումներ էին պետք, որոնք պետք էր կյանքի կոչել հեղափոխությունից անմիջապես հետո:

Բայց իշխանության դանդաղկոտությունը կամ հապաղումը չի անէացնում ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամը: Այսինքն, եթե իշխանությունը ճգնաժամն արագ չի լուծել, դա ամենեւին էլ չի նշանակում, որ ճգնաժամը վերացել է, եւ ուրեմն դրան այլեւս չպետք է անդրադառնալ: Այնպես որ՝ ունենք այն, ինչ ունենք, նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է համապատասխան փաստաթուղթը, եւ հանրաքվեն նշանակվել է ապրիլի 5-ին:

Հիմա հենց հանրաքվեի մասին: Արդյո՞ք այն լավագույն լուծումն է, արդյո՞ք այն կլուծի ճգնաժամը, եւ արդյո՞ք կյանքի իրավունք ունեն այն պնդումները, որոնք հնչում են որպես հիմնավորում հանրաքվեի դեմ:

Կեղծ եւ երեսպաշտական են այն պնդումները, թե ինքնին հանրաքվե անցկացնելը սխալ է, որովհետեւ չի կարելի նման կարեւոր հարցերը կամ ամեն հարց թողնել ժողովրդի ընտրությանը, քանի որ եթե ժողովրդի ընտրությանը թողնես, ապա ժողովուրդը ցանկացած խելահեղ գաղափարի անգամ կարող է «այո» ասել: Եթե այդպես է, ապա անհապաղ պետք է արգելվեն նաեւ բոլոր տեսակի ընտրությունները, որովհետեւ մարդիկ կգնան եւ մասնագետների, իմաստունների, բանիմացների փոխարեն կընտրեն խելահեղ կամ ոչ բանիմաց մեկին: Բայց Սահմանադրությունը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», եւ «ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Այսինքն, Սահմանադրությունը հստակ է ասում՝ ժողովուրդը իրավունք ունի եւ կարող է գնալ ընտրությունների եւ ընտրել ում ցանկանա, անգամ՝ Արտաշես Գեղամյանին եւ Բաբուխանյանին: Եւ մենք այդ պարագայում, համաձայն լինենք, թե ոչ՝ պիտի հաշտվենք այդ ընտրության հետ:

Մանիպուլյացիա է այն պնդումը, թե հանրաքվեն սխալ է, քանի որ եթե ժողովրդին հարցնես, ապա կարող է «այո» ասել ՍԴ անդամներին մահապատժի ենթարկելուն, կամ՝ նվազագույն աշխատավարձը 1 մլն դրամ սահմանելուն: Սա մանիպուլյացիա է, քանի որ, նախ՝ մենք խելահեղության կանխավարկածից չենք ելնում, եւ ապա՝ հանրաքվեի ժամանակ մարդիկ ընտրում են կոնկրետ իրենց առաջարկվող հարցերի շրջանակում, իսկ նման բան առաջարկող ուժը պետք է առնվազն վստահություն ունենա, որ մարդկանց ընտրությունը հետո կկարողանա կյանքի կոչել:

Եթե, օրինակ` իշխանությունը հանրաքվեի է դնում նվազագույն աշխատավարձը 1 մլն դրամ սահմանելու հարցը, եւ մարդիկ այո են ասում, ինչպե՞ս է իշխանությունը կյանքի կոչելու դա, եւ ի՞նչ է լինելու, եթե իրականություն չդարձնի: Այդ ուժը պարզապես կարճ ժամանակ անց այլեւս իշխանություն չի լինի:

Մանիպուլյացիա է որոշ քաղաքական ուժերի պնդումը, թե չի կարելի մարդկանց «տանել տեղամասեր», եթե կարելի էր փոփոխությունն իրականացնել ԱԺ-ում՝ քվեարկությամբ: Այս պնդումը հատկապես անում է խորհրդարանական ուժերից մեկը: Բայց մանիպուլյացի է, քանի որ առաջինը հենց այդ ուժը չէր քվեարկի փոփոխությունների օգտին: Ակնհայտ է, որ եթե հարցը քվեարկվեր ԱԺ-ում, ապա իշխանությունն այդ փոփոխությունը կաներ բացառապես իր խմբակցության մեծամասնության ձայների շնորհիվ: Եւ նույն այդ պնդումներ անողները հետո կասկածի տակ կդնեին փոփոխությունների ողջամտությունը ու կպնդեին, թե դա քաղաքական քմահաճույքի հարց էր, որը չէր արժանացել խորհրդարանական մյուս ուժերի աջակցությանը:

Բայց ամեն բան հեշտ չէ, եւ իշխանությունները մտորելու եւ լուրջ աշխատելու խնդրի առաջ են կանգնելու, ու դրա առաջին եւ ամենակարեւոր պատճառը հանրաքվեի արդյունքների ընդունված համարելու սահմանադրական պահանջն է:

Սահմանադրության 207 հոդվածը սահմանում է, որ «Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը»։

2018 թվականին ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ հրապարակվել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը, այն է՝ 2 մլն 574 հազար 916 քաղաքացի:  Այսինքն, ցուցակներում ներառված մոտ 2.6 մլն անձանց ¼-ը՝ մոտ 650 հազար քաղաքացի պետք է ոչ միայն տեղամաս գնա, այլեւ՝ կողմ քվեարկի, որպեսզի հանրաքվեի արդյունքները համարվեն ընդունված: ԱԺ վերջին՝ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների մոտավորապես կեսը, ինչը նախկին իշխանությունները հմտորեն օգտագործել են քարոզչության մեջ, թե իբր ՀՀ քաղաքացիների կեսը բոյկոտել է ընտրությունները։ Ի դեպ, 2017-ի ԱԺ ընտրություններում մասնակիցների թիվը մոտավորապես 300 հազարով էր ավելի:

Բայց ամբողջ խնդիրն այլ տեղ է, այսպես կոչված՝ «ուռճացված» ցուցակները: Ընդ որում, խոսքը ոչ այնքան մեռյալ կամ գոյություն չունեցող անձանց ընտրական ցուցակներում լինելու մասին է, որքան այն անձանց, ովքեր ՀՀ քաղաքացի լինելով հանդերձ` տարիներով Հայաստանում չեն բնակվում եւ ընտրությունների քվեարկություններին չեն մասնակցել: Նախկին իշխանությունների համար սա լավ տարբերակ էր՝ բացակաների տեղը այս կամ այն ձեւով լրացնելու, ինչպես նաեւ՝ սովորաբար ընտրություններին չմասնակցող կամ անտարբեր անձանց այս կամ այն եղանակով շահագռգռելով՝ տեղամասեր տանելու (բառիս բուն իմաստով) համար: Կեղծվող ընտրությունների ժամանակ սա առավելություն է: Ազատ եւ չկեղծվող ընտրությունների ժամանակ՝ խնդիր, որովհետեւ թվերի մանիպուլյացիա է արվում՝ մեկ, եւ ապա՝ հանրաքվեների պարագայում արդյունքի ընդունվելու համար պարտադիր պայման է: Այսինքն, իշխանությունները լուրջ խնդիր պետք է լուծեն՝ գոնե Հայաստանում բնակվող ընտրելու իրավունք ունեցող անձանց, այսպես ասած՝ մոբիլիզացնելու համար, այնպիսի քարոզչություն իրականացնելու համար, որ մարդիկ չալարեն եւ գնան տեղամասեր ու քվեարկեն:

Հատկապես, որ այս առումով էական է հանրային վարքի հարցը: Դուր գա դա մեզ, թե ոչ, ուզենք, թե չուզենք՝ քաղաքականության մեջ մեծամասնության համակրանքները կայուն չեն: Սովորաբար, կայուն քաղաքական համակրանքներ ունեցողների քանակը մեծ չէ, քաղաքական ուժերը սովորական իրավիճակներում ունենում են կողմնակիցների քիչ «բանակ»: Մեծամասնությունը կողմնորոշվում է ըստ քաղաքական իրավիճակի, եւ քաղաքականացվում է կարեւոր զարգացումների ժամանակ, եւ կողմնակից է դառնում քաղաքական ուժին կամ անձին, եթե նրա մեջ ուժ է տեսնում՝ հույսով, որ իր քվեն այդ ուժեղին տալով՝ նրան պատգամում է լուծելու այս կամ այն հարցը՝ տալով այդ ուժին իշխանական, այդ թվում՝ ուժային լծակներ: Եւ այդ քվեն տալուց հետո մեծամասնությունը համարում է իր առաքելությունն ավարտված, բայց եթե այդ ուժը լծակներ ստանալուց հետո նորից ու նորից դիմում է նույն այդ ժողովրդին, հանրությունը կարող է կասկածներ ունենալ, որ այդ ուժը,՝ անգամ իշխանական լծակներ ունենալով, փաստորեն՝ էլ ուժեղ չէ, հանրությունը դա ընկալում է որպես իր ընտրյալի ուժի թուլացում, եւ էյֆորիան ինքնաբերաբար կարող է թուլանալ: Ուստի, այս հարցում եւս իշխանությունը լուրջ անելիքներ ունի՝ համոզելու համար մարդկանց հանրաքվեի կարեւորության հարցում:

Եւ վերջում, կեղծ է պնդումը, թե այս հանրաքվեն իշխանության հանդեպ վստահության հանրաքվե կդառնա: Դա այդպես չէ, որովհետեւ հանրաքվեին կարող են մասնակցել եւ «այո» քվեարկել ոչ միայն իշխող ուժի կողմնակիցները,  այլև նրանք․ ովքեր սովորական ընտրություններում այս իշխանությանը կարող են եւ չընտրել, եւ 2018-ի արտահերթ ընտրություններում գուցե չեն էլ ընտրել նրանց:

Քրիստինե Խանումյան