11.02.2020 16:04

Սերգո Տոնոյան. Հանրաքվեն անհրաժեշտություն է նախեւառաջ քաղաքացու համար

Սերգո Տոնոյան. Հանրաքվեն անհրաժեշտություն է նախեւառաջ քաղաքացու համար

Որպեսզի հասնեն իրենց նպատակին, այսինքն՝ հանրաքվեի արդյունքում սահմանադրական համապատասխան փոփոխությունները տեղի չունենան, նախկին ռեժիմի սպասավորները քարոզչական հնարքներով ջանք չեն խնայելու անել այնպես, որ քաղաքացին չգնա հանրաքվեի։ Մասնակցության ցածր տոկոսն է միայն, որ կապահովի ռեւանշիստների հաջողությունը։ Իրենք էլ են շատ լավ հասկանում, որ տեղամաս հասած քաղաքացուն չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար է լինելու կաշառել կամ համոզել, որ «Ոչ» քվեարկի։

Ըստ այդմ, միակ հնարքը, որն, ի դեպ, արդեն կիրառում են, գործընթացը հակաօրինական, հակասահմանադրական հռչակելն է, այսինքն՝ վախի մթնոլորտ ստեղծելով ներազդել քաղաքացու գիտակցության վրա այնպես, որ վերջինս կարծի, թե հանրաքվեին մասնակցելով հանցանք է գործելու։ Սահմանադրության մեկ-երկու հոդվածի մերկապարանոց (բայց դեմքի ամենալուրջ արտահայտությամբ) մեկնաբանությունն էլ է բավարար, որպեսզի քաղաքացին վարակվի կասկածով եւ չուզենա գնալ տեղամաս։ Սրան գումարվելու է ամենակեղտոտ քարոզչությունը ընդդեմ գործող իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի: Սրանով, պարզվելու է՝ Փաշինյանը ցանկանում է կոծկել «իր թալանը», «ծախել Ղարաբաղը», բնականաբար՝ զուգահեռաբար սիրաշահելով ամենազորեղ Սորոսին: Ակնհայտ է մեկ բան՝ թունավոր հակաքարոզչության մեջ նախկինները խտրականություն չեն դնելու: Այս պատերազմը նոր չէ, որ սկսվել է, եւ թիրախն էլ ամենեւին Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը չեն, հարվածի կենտրոնում եղել են եւ կան հայ ժողովուրդն ու պետությունը:

Այն, որ մինչեւ ապրիլի 5-ը իշխանությունը ստիպված է լինելու «վայելել» հակաքարոզչության ամենաստոր դրսեւորումները՝ միայն ու միայն սեփական դանդաղկոտության արդյունքն է: Այն, որ Հայաստանում Սահմանադրական կարգը բազմիցս տապալած հանցագործները ազատության մեջ են եւ հանդգնում են նույնօրինակ մեղադրանք ներկայացնել օրինակարգ իշխանությանը՝ նույնպես  իշխանության անվճռականության արդյունքն է: Այդուհանդերձ, այսպիսի իրավիճակի, իսկ եթե ավելի հստակ ձեւակերպենք՝ ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման բացառիկ իրավունքը տրված է քաղաքացուն, ինչը հեղափոխություն իրականացրած եւ՛ ժողովրդի, եւ՛ նրան առաջնորդած քաղաքական միավորների համատեղ ձեռքբերման արդյունքն է: Չօգտվել դրանից, չկիրառել ժողովրդավարության հաստատման միջոցներից ամենագլխավոր զենքը, կնշանակի տանուլ տալ եւ մսխել հեղափոխության հիմնարար արժեքները:

Կեղծ են այն պնդումները, թե գալիք հանրաքվեն վերածվելու է իշխանության հանդեպ վստահության հանրաքվեի: Հայաստանի քաղաքացին պարտավոր է իր մասնակցությամբ ապացուցել, որ սա վստահության հանրաքվե է նախեւառաջ սեփական ուժերի նկատմամբ. արդյո՞ք ամրապնդվել է իր քվեի միջոցով իշխանություն ձեւավորելու եւ Սահմանադրության անփոփոխ 2-րդ հոդվածը կիրառելու՝ քաղաքացուն տրված իրավունքը: Սա է, միգուցե, տողատակում թաքնված գլխավոր հարցը: Որովհետեւ որքան քաղաքացին անտարբեր կլինի հիմնարար իր այս իրավունքի ճակատագրի հանդեպ, ճիշտ այդքան հնարավորություն կտա ցանկացած մեկին յուրացնելու իշխանությունը՝ մի բան, որ երազում է նախկին ռեժիմը։

Իսկ թե ինչպիսին կլինի քաղաքական մեծամասնության քարոզարշավը, կամ ընդդեմ վերոհիշյալ հակաքարոզչության ինչպիսի՞ աննախադեպ քայլեր կձեռնարկվեն՝ բացառապես իշխանական թիմի գործն է։ Քաղաքացու համար այս ընտրությունը, այո՛, հեղափոխության ոգու մթնոլորտում է՝ նախկինը մերժելու եւ ապագան կերտելու տրամաբանությամբ։ Քաղաքացին հաստատակամ եւ հետեւողական պետք է շարունակի ընտրությունների կամ հանրաքվեների միջոցով երկրի զարգացման ուղին որոշելու իր բացառիկ իրավունքը իրացնելու գործընթացը։ Ի վերջո, հենց այդ ճանապարհով էլ վաղ թե ուշ վճռվելու է այս իշխանության երկարակեցության հարցը։