12.02.2020 16:08

Լիզա Ճաղարյան. Էս ի՜նչ է ասում, էս ո՜նց է ասում, էս ո՜վ է ասում

Լիզա Ճաղարյան. Էս ի՜նչ է ասում, էս ո՜նց է ասում, էս ո՜վ է ասում

Դավիթ Հարությունյանն այսօր ասուլիս էր հրավիրել։

Ինչու՞։ Որովհետեւ անչափ մտահոգված է Հայաստանի Հանրապետության ապագայով եւ ՀՀ Սահմանադրության ճակատագրով, եւ այդ մտահոգության շարժառիթը սպասվելիք հանրաքվեն է, որը, ըստ Դավիթ Հարությունյանի, «հանցագործություն է հայ ժողովրդի ու պետականության դեմ»։

Հանցագործություն է, թե հանցագործություն չէ, հայ ժողովրդի ու պետականության դեմ է, թե Հարությունյանի հարազատ Հանրապետական կուսակցության դեմ է, յուրաքանչյուրն ազատ է մտածելու իր ցանկացածի պես կամ հասկացածի չափով, ինքս այս գերմտահոգված պարոնի հետ բանավիճելու մտադրություն չունեմ մի պարզ պատճառով՝ իրավական բնագավառի բավարար գիտելիք չունեմ։

Իսկ ա՛յ հիշողություն ունեմ։ Ու հիշում եմ, որ գլխավոր ամբաստանյալ Քոչարյան Ռոբերտի արյունոտ իշխանության շրջանը «նշանավորվեց» նաեւ Հարությունյան Դավիթի շռնդալից եւ «վագրային թռիչքներով» սլացող կարիերայի ապահովմամբ եւ նույն հաջողությամբ շարունակվեց իր նախորդի նմանակ Սարգսյան Սերժիկի օրոք։

Այս «գերմտահոգ» պարոնը 1998-2007 թվականներին ՀՀ արդարադատության նախարար էր, 2007-2013-ականներին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, 2013 թ. սեպտեմբերի 4-ից ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական, ընդգծում եմ՝ սահմանադրական, բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր, 2014-2016-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար էր, 2017-ից՝ կրկին ՀՀ արդարադատության նախարար էր։ Հեղափոխությունից հետո, բնականաբար, կասեցվեց նաեւ Դավիթ Հարությունյանի սլացքը։

Ահա այս մարդու «գերմտահոգ» եւ անմիջական ակտիվ մասնակցությամբ էին Հայաստանի արդարադատությունն ու սահմանադրականությունը «զարգանում» եւ «պաշտպանվում»։ Քսան տարի շարունակ։

Հիմա չեմ հիշեցնի, թե ինչ հրեշավոր հանցագործություններ են կատարվել այդ տարիներին (բոլորս էլ հիանալի հիշում ենք, նախկին ավազակախումբը եւ սրանցից մի քանի անգամ լավ, վստահ եմ, հիշում է նաեւ այդ հանցագործությունները «սահմանադրականորեն» կոծկող պարոն «մտահոգը»), բայց չեմ զլանա «բարեկամաբար» զգուշացնել այս «արդարադատ» պարոնին եւ միաժամանակ՝ ռոբական ու ՀՀԿ-ական բոլոր «մտահոգներին», որ եթե շարունակեն այս ոգով աղաղակել իրենց, այսպես կոչված՝ սահմանադրական մտահոգությունների մասին, ապա իրե՛նց իսկ ձեռքերով առաջիկա հանրաքվեի քարոզարշավը դարձնելու են ընդդեմ նախկինների երկրորդ ու ավելի անխնա հուժկու հարվածի, եւ «ԱՅՈ» քվեարկողների համար երկրորդական ու երրորդական խնդիր է դառնալու Սահմանադրության այս կամ այն կետն իրո՞ք խախտվում է գալիք հանրաքվեով, թե՞ առաջարկվող փոփոխությունն անխոցելի է։

Որովհետեւ, պարոնայք եւ տիկնայք «մտահոգներ», գուցեեւ ճշմարտություն կա այն պնդումներում, որ Հայաստանի շարքային քաղաքացիները խորությամբ չեն հասկանում (եւ պարտավոր էլ չեն) Սահմանադրության այս կամ այն կետի օրինականության չափն ու ձեւը, բայց իրավական խոր գիտելիքներ պետք չեն՝ գնահատելու համար, որ այսօր ժողովրդի եւ պետականության դեմ հանցագործությունների մասին օրուգիշեր ճամարտակում են քսան երկարուձիգ տարիներ այդ նույն ժողովրդի ու պետականության դեմ բազմահատոր հանցագործություններ կատարողները եւ սրանց հանցակից հացկատակներն ու խեղկատակները։

Եվ որքան շատ ճամարտակեն, այնքան ավելի են անուղղակիորեն օգնելու ոչ միայն «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, այլեւ դեռեւս չկողմնորոշվածներին՝ հօգուտ ԱՅՈ-ի։

Այնպես որ՝ շարունակեք. հանրությունը դեմ չէ։ Նույնիսկ հակառակը՝ «թավիշի» պատճառած վնասների հետքերն էլ կմաքրենք երեսպաշտներիդ «աջակցությամբ»։