12.02.2020 21:58

Լիզա Ճաղարյան. Հրանտ Մաթեւոսյանը 85 տարեկան է

Լիզա Ճաղարյան. Հրանտ Մաթեւոսյանը 85 տարեկան է
Լուսանկարը` Գերման Ավագյանի

Ասաց. «Լիզային հետս տանում եմ մեր տուն»։

Բերանս ցամաքեց։

Առաջին անգամ չէր։ Երբ էլ, որտեղ էլ տեսնեի Հրանտ Մաթեւոսյանին, ակնածանքից թիկունքս սկսում էր ցավել, լեզուս չորանում էր բերանիս մեջ, Մեծ մարդու հետ հանդիպման վայելքից օգտվելու իմ անճարությունից գլուխս պտտվում էր։

Դժվար չէր. ընկերներս ժամանակ առ ժամանակ գնում էին Մաթեւոսյանի տուն, հաճախ ինձ էլ էին առաջարկում միանալ։ Ասում էի՝ չէ։ Երանի էի տալիս իրենց, որ այդպես հեշտ ու հանգիստ մեկ էլ ասում են՝ չգնա՞նք Հրանտենց տուն։ Ասում էին ու գնում էին։ Երանի տալով էլ ավարտվում էր տվայտանքս։ Որովհետեւ ես չէի կարող գնալ Հրանտի տուն եւ ասել՝ բարեւ ձեզ, ես էլ եկա։

Շատ իզուր էլ եկար, իսկ քեզ ո՞վ ասաց, որ Հրանտը սպասում էր քեզ։

Ոչ ոք ինձ նման բան չէր ասել, ուրեմն հասկացաք, թե ինչու չէի գնում։

Մինչ 88-ը դեռ գրում-մրում էի, ու Գրողների համագումարից հետո երիտասարդների խմբի միջից առանձնացրեց ինձ ու ասաց՝ գնում եմ Լիզայի հետ սուրճ խմելու։

Ծնկներս սկսեցին դողալ, իբր ուզեցա ժպտալ, երեւի ծամածռություն ստացվեց։ Ոչինչ չեմ հիշում։ Սուրճի համն էլ չեմ հիշում։ Միայն հիշում եմ, որ մոլորված նստած էի սեղանի մոտ, ու որ էս մոլորվածը նստած է Հրա՛նտ Մաթեւոսյանի հետ։ Չեմ հիշում՝ ինչ էր ասում, գլխիս մեջ աղմուկ էր, հաուչէից բացի՝ դժվար թե որեւէ բան ասած լինեմ։ Ո՞վ լիներ իմ փոխարեն, որ դիմանար. Մաթեւոսյանը լավ բաներ էր ասում իմ պստլո-մստլո պատմվածքների մասին։ Միայն «վատն» եմ հիշում։ Ասաց. «Չակերտներդ շատ են»։

Գլուխս տմբտմբացրի մի կերպ։ (Բայց անուղղելի եմ։ Հիմա էլ եմ չարչրկում էդ խեղճ չակերտներին)։

Ու մեկ էլ հիմա. 88-ից հետո էր։ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունում նստած էի, ու ներս մտավ Հրանտ Մաթեւոսյանը։ Նստեց, զրուցեց իր դուստր Շողերի ու ներկաներիս հետ, գնալուց առաջ էլ ասաց. «Լիզային հետս տանում եմ մեր տուն»։ Այնքան կորցրի ինձ, որ շփոթված կմկմացի, թե իբր՝ ինչ-որ տեղ եմ գնալու, չեմ կարող... Շողերն ականջիս տակ մի քանի բան ասաց, ու էդ մի քանի բանի իմաստը սա էր՝ Հրանտը քեզ հրավիրում է իր տուն, դու էլ ասում ես՝ տե՞ղ ես գնալու, հըլը մի հատ վեր կաց ու...

Ուշքի եկա, կարճ ասած։ Վեր կացա ու...

...Միայն այս հանդիպման համար եմ ափսոսում, որ ես այդպես էլ լրագրող չդարձա։ Դարձած լինեի, գրպանումս ձայնագրիչ կունենայի, ձայնագրիչը թաքուն միացնելու վարպետություն կամ «շուստրիություն» կդրսեւորեի, Հրանտի տուն հասնելուց հետո մեր երկար ու անմոռանալի զրույցը ձայնագրած կլինեի, սղագրած կլինեի ու մի օր էլ կհրապարակեի, քիթս էլ ցից-ցից ման կգայի, որ հաջողվել էր ինձ մի քանի ժամ այնպիսի հարցեր տալ, որ քչախոս ու դժվարախոս Մեծը ոչ միայն հաճույքով ու կարոտով պատմեր Մոսկվայում ուսանելու տարիների մասին, իր մոսկովյան ընկերների մասին, այլեւ զրույցից հետո ուղեկցեր ինձ մինչեւ կանգառ։

Երանի ինձ. ես էլ կարող եմ հուշեր պատմել Հրանտ Մաթեւոսյանի մասին։ Թեկուզեւ այսպես անճարակ ու կցկտուր բառուբանով։

Եթե մարդիկ կան, որ չեն գիտակցում, թե դա ինչ երանություն է, ոչ խղճում եմ իրենց, ոչ էլ ցավում եմ իրենց համար։ Պարզապես չեմ նկատում իրենց գոյությունը։