13.02.2020 12:11

COVID-19. Վարակվածների թվի կտրուկ աճ

COVID-19. Վարակվածների թվի կտրուկ աճ

Դեռ չորեքշաբթի ցերեկը ԱՀԿ-ն տեղեկացրել էր, թե COVID-19 վիրուսի տարածումը դանդաղել է. փետրվարի 10-ից 11-ը չինական իշխանությունները հաղորդել էին ընդամենը երկու հազար նոր դեպքերի մասին։ Բայց փետրվարի 13-ի գիշերն իրավիճակը փոխվել է։

Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը վարակվածների թիվը կտրուկ բարձրացել է։ Հինգշաբթի օրվա առավոտյան դրությամբ հաղորդվել է 60  հազար վարակակիրների մասին, այսինքն՝ մեկ օրվա ընթացքում՝ մոտավորապես 15 հազար նոր դեպք։ Հուբեյ նահանգում չորեքշաբթի գրանցվել է 242 մահ՝ առայժմ մեկ օրվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսը երեկ նախազգուշացրել էր, որ դեռ վաղ է կանխատեսել ճգնաժամի ավարտը։ ԱՀԿ-ն տեղեկացրել է, որ գիտնականներն այժմ աշխատում են չորս տարբեր պատվաստանյութերի վրա։

Երեկ կորոնավիրուսն առաջին անգամ գրանցվել է Լոնդոնում։ Սա Մեծ Բրիտանիայում՝ իններորդ, և մայրաքաղաքում՝ այդ հիվանդության առաջին դեպքն է։

Փոխանցում է BBC-ն։