13.02.2020 13:05

Times. Սիրիայում հակամարտությունը կարող է երկար ձգձգվել

Times. Սիրիայում հակամարտությունը կարող է երկար ձգձգվել

Սիրիական հակամարտությունը ձգվում է արդեն ինը տարի և կարող է ավելի խորանալ, գրում է Times-ը։

Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգում, Ռուսաստանի աջակցությամբ գրոհի է ենթարկվում Բաշար Ասադի վարչակարգին դիմակայող գրոհայինների վերջին պատվարը։

Դիվանագիտական բոլոր մանևրները վկայում են, որ հակամարտությունը շարունակվելու է։ Ռուսաստանյան պատվիրակությունը, շաբաթ օրը ժամանելով Անկարա, երեքշաբթի վերադարձավ՝ այդպես էլ պայմանավորվածություն ձեռք չբերելով, թե ինչպես դադարեցնել բռնությունները։

Թուրքիայի նախագահ Էրդողանը, մինչդեռ, ավելի ու ավելի կոշտացնում է հռետորաբանությունը։ Չորեքշաբթի նրա հայտարարությունը միանշանակ էր. « Մենք Ասադի վարչակարգի ուժերի վրա կգրոհենք ամենուր՝ սկսած այսօրվանից, ուշադրություն չդարձնելով Սոչիի հուշագրի վրա»։

Այդ հայտարարությունը Մոսկվային և Անկարային մոտեցրել է լուրջ դիմակայության։ Ռուսաստանը և Թուրքիան հակամարտության մեջ մտնելուն այդքան մոտ են եղել միայն 2015 թ. նոյեմբերին, երբ թուրքական ՌՕՈՒ-ն խոցեց ռւսաստանյան Սու-24 ռմբարկու ինքնաթիռը։

Կրեմլը, սակայն, ընդգծված խաղաղասեր հայտարարություն է արել, որում ասվում է, որ նախագահներ Պուտինը և Էրդողանը պետք է հավատարիմ մնան ձեռք բերված պայմանավորվածություններին։

Այսօր Մոսկվա է ժամանում թուրքական կառավարության պատվիրակությունը։

Էրդողանը բազմիցս խոստացել է սիրիացի փախստականների առջև բացել դեպի Եվրոպա տանող ճանապարհը։ Պուտինը խոստացել է փախստականներին թույլ տալ վերադառնալ Սիրիա՝ պայմանով, որ Եվրամիությունը ճանաչի Ասադի վարչակարգի լեգիտիմությունը։

Times-ը նշում է, սակայն, որ Պուտինը չի կարող կատարել իր խոստումը, քանի որ Բաշար Ասադը չի ցանկանում, որ արտաքսված սուննիները վերադառնան Սիրիա։

Փոխանցում է BBC-ն։