13.02.2020 16:34

Լիզա Ճաղարյան. Բանը... Գորգիսյան Գեւորգը բան է... հերոս է

Լիզա Ճաղարյան. Բանը... Գորգիսյան Գեւորգը բան է... հերոս է

«Լուսավորչական» Գորգիսյանի ելույթը լսելիս մի հին անեկդոտ հիշեցի.

«-Դեզդեմո՛նյա, յայլուխդ դո՞րի։

-Կորցուցեր եմ։

-Դե պառկա՛, խեղդեմ»։

Դառնանք գերզգայուն քթանցքեր ունեցող Գեւորգ Գորգիսյանին։ Երբ ոչ այնքան հեռավոր անցյալում իմքայլականները ԱԺ ամբիոնի մատույցներում ֆայեր (հայերեն համարժեքը չգիտեմ) բոցավառեցին, դահլիճը գունազարդած ծուխն առանձնակի դաժանությամբ խցկվեց միայն նրբանրբին երեսփոխան Գորգիսյանի քնքշանվաղ քթածակերը, եւ հեզիկ-նազիկ այս երիտասարդը դիմեց «յայլուխի» օգնությանը, որ ծխից չխեղդվի։

Այսօր ծխելու դեմ օրենքի քննարկման ժամանակ այս գերզգայուն շնչուղիներով օժտված երիտասարդը, հավանաբար» «կորցուցեր էր յայլուխը», հակառակ դեպքում կհիշեր իր այս էժանագին ցուցքն Ազգային ժողովում եւ յուր «անխոցելի» փաստարկները չէր ներկայացնի ընդդեմ քննարկվող օրինագծի։ Դե, որովհետեւ, պարոն նրբասուն Գորգիսյան,  հասարակ եւ անչափ կամ չափավոր էգոիստ մահկանացուներս դժվար թե ի վիճակի լինենք ընկալել, որ մեր առջեւ այդ պահին վերհառնել էր մեծն ալտրուիստը, որ պատրաստ է զոհաբերել իր քնքուշիկ քթածակերը՝ հանուն Հայաստանի Հանրապետության տնտեսության առաջընթացի։

Այստեղ արժեր, իհարկե, քթի տակ ասել՝ տո՛, դու է՛լ, քո յայլուխն է՛լ, ու այսքանով բավարարվել, եթե ալտրուիստ Գորգիսյանը չհիշեցներ Հայաստանի Հանրապետության առաջին իշխանության տարիների այն «սահմռկեցնող հանցագործության» մասին, որն արդեն քսան եւ ավելի տարիներ շրջում է այբուբենի տառերից միայն ձայնավորներն ու ընդամենը մի քանի բաղաձայն հերոսաբար հաղթահարածների եւ ռոբասերժական դեղնադարչնագույն գրչակների ու եսիմէլիինչերի միջավայրում։

Ահավասիկ. «90-ականների սկզբին նույն բանն էր, ժողովու՛րդ, ինչ-որ դեժավյու չի լինու՞մ ձեՐ մոտ. «Նաիրի՛տը» փակենք, գործարաննե՛րը փակենք, է՛ս փակենք, է՛ն փակենք, լու՛յսն անջատենք, ոչ մեկը չաշխատի»։

Արժանին մատուցենք այս շարմաղուն «լուսավորչականին». ի տարբերություն ռոբասերժական պաշտոնյաների ու պատգամավորների, որ այս «դարակազմիկ բացահայտումը» սեփական լեզվաշարժերով չէին բարբառում, այլ վարագույրի հետեւից դիրիժորություն էին անում վերեւում հիշատակվածների եւ չորրորդ խոսափողի տիրակալ Սադոյանի միջոցով, այս Գորգիսյանը, ի հեճուկս իր գերզգայուն քթածակերի, աննկուն եւ խիզախ սիրտ ունի թաքցրած իր ալտրուիստ կրծքի տակ եւ չի թաքնվում այլոց թիկունքում։ 

Ամենքիս աչքի առաջ, առանց դույզն-ինչ դողէրոցքի նշանների, այս լուսապայծառ երիտասարդը մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ մի լավ դաս տվեց «պաձյեզդների» դռների տակ ու «բեսեդկաներում» փսփսացողներին եւ դեղնած գրչակներին ուղղորդողներին. «Ա՛յ, դուք էդքան քաջություն չունեք ճշմարտությունն ամբիոնից ի տես ողջ աշխարհի հայտնելու, իսկ ե՛ս՝ քնքշանվաղս ու մեղմանուշս, նրբասունս եւ գրգասունս, համարձակվեցի եւ ասացի»։

Չենք գնահատում, էլի, մեր հերոսներին, չե՛նք գնահատում։

Հ.Գ. Իսկ ավելի լուրջ. ցավալի է, որ ԱԺ դահլիճում չգտնվեց գոնե մեկ մարդ, որ Գեւորգ Գորգիսյանին հիշեցներ՝ այդ ամբիոնը նախատեսված չէ անմեղսունակ զառանցանքներ «լուսարձակելու» համար։

Ցավալի է, բայց զարմանալի չէ։