14.02.2020 13:02

Դրեզդեն. Սուգ և արժանապատվություն

Դրեզդեն. Սուգ և արժանապատվություն

ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ժամանել է Դրեզդենի նոր, ժամանակակից Մշակույթի պալատ, որտեղ Մոցարտի «Մասոնական սգո երաժշտության» ներքո, հավաքվել են հարգելու 75 տարի առաջ Դրեզդենի ռմբակոծության զոհերի հիշատակը:

Դրեզդենի քաղաքապետ Դիրկ Հիլբերտը դրեզդենցիներին կոչ է արել ծանր հուշերն ուղղել նրան, որ կանխվեն նոր պատերազմներն ու ավերածությունները:

«Մենք կարող ենք արժանապատվությամբ նշել այս ողբերգական օրը, եթե ձեռք ձեռքի երաշխավորենք, որ Դրեզդենն այլևս երբեք չի ավերվի: Ավերածություններն սկսվում են այնտեղ, որտեղ մարդիկ թշնամանում են՝  մաշկի տարբեր գույների, տարբեր դավանանքի, տարբեր սեռի կամ տարբեր կենսակերպի պատճառով»,- շեշտել է քաղաքապետը:

Նախագահ Շթայնմայերը կոչ է արել նաև չմոռանալ, թե ով և ինչպես է սկսել պատերազմը: Նրա խոսքով՝ բրիտանա-ամերիկյան ռմբոկոծությունների պատմությունը հաճախ օգտագործվել է գաղափարախոսական նկատառումներով:

«Նրանց, ովքեր այսօր էլ  Դրեզդենի զոհերի թիվը համեմատում են Օսվենցիմի զոհերի թվի հետ, նրանց, ովքեր ջանում են նվազեցնել գերմանական չարիքը, նրանց, ովքեր գիտակցաբար կեղծում են պատմության փաստերը, մենք՝ դեմոկրատներս, պետք է հակահարված տանք»,- ասել է Գերմանիայի նախագահը՝ այդպիսով պատասխանելով այն գերմանացի քաղաքական գործիչներին, որոնք օգտագործում են «ռմբային հոլոքոստ» տերմինը և պահանջում են Դրեզդենի ավերումը և նրա քաղաքացիների սպանությունը ճանաչել ռազմական հանցագործություն:

Փոխանցում է euronews-ը: