16.02.2020 10:30

«Մանչեսթեր Սիթին» կբողոքարկի ՈւԵՖԱ-ի որոշումը

«Մանչեսթեր Սիթին» կբողոքարկի ՈւԵՖԱ-ի որոշումը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը համաձայն չէ ՈւԵՖԱ-ի կողմից ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին և առաջիկա օրերին կդիմի դատարան, հայտնում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

««Մանչեսթեր Սիթին» հիասթափված է ՈւԵՖԱ-ի որոշումից: Ակումբը խստագույնս պահպանել է օրենքի բոլոր պահանջները և որևէ խախտում թույլ չի տվել ֆինանսական գործարքներում: Մենք առաջիկայում կդիմենք դատարան՝ պատժամիջոցները չեղարկելու պահանջով»,- ասված է «Մանչեսթեր Սիթիի» տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին  ՈւԵՖԱ-ն հայտարարեց ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով առաջիկա 2 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին: «Մանչեսթեր Սիթին» նաև տուգանվել է 30 միլիոն եվրոյով:

ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով: